«Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

«Երկրի տնտեսությունը ներկայումս մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ՝ զարգացմանը նոր խթան հաղորդելու համար»,-նշեց ՀԱԳՄ նախագահը։ Նրա խոսքով՝ գործարարները շահագրգիռ հետևելով վարվող տնտեսական քաղաքականությանը, որպես անմիջական իրականացնողներ, արձանագրում են այն խնդիրները, որոնք ծագում են դրանց գործնական կիրառման ընթացքում, իրենք հաճախ մշակում օրենքների նախագծեր ու լրացումներ` գործող օրենսդրությունում։ Արսեն Ղազարյանը ներկայացրեց այն առաջնահերթ հիմնահարցերն ու առաջարկները, որոնք այս փուլում կուտակվել են գործարարների շրջանում։

Հանդիպմանը հանգամանալի քննության առնվեցին գյուղատնտեսութան ոլորտի բարեփոխումները, ներկայացվեցին հնարավոր քայլեր, որոնք միտված կլինեն ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսական աջակցության տրամադրմանը, պարենային անվտանգության ապահովմանը, արտադրողականության, շահութաբերության, մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը:

ՀԱԳՄ անդամների ներկայացրած մեկ այլ նախագիծ վերաբերում էր հողային բարեփոխումներին, որոնք միտված են լինելու երկրի առկա ֆոնդերի արդյունավետ շահագործմանը, սեփականատիրական իրավունքների կանոնակարգմանը, կոոպերացիայի զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև խաղողագործության, ոգելից խմիչքների արտադրության, մթերումների, գյուղատնտեսական ապրանքների արտահանման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, այլ ոլորտներին առնչվող խնդիրների։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց բարձրացված հարցերի առնչությամբ գործադիր իշխանության ունեցած մոտեցումները, անդրադարձավ գյուղատնտեսության և հողային ոլորտներում որդեգրված ռազմավարությանը, նախապատրաստվող բարեփոխումներին, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։ Նա գոհունակություն հայտնեց գործարարներին՝ շահագրգիռ մոտեցման համար։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ աշխատել մշակվող բարեփոխումների, օրենսդրական նախագծերի վրա։

Հանդիպմանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Leave a reply