Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը 1997 թվականից Արդյունաբերողների և գործարարների միջազգային Կոնգրեսի անդամ է, մշտապես մասնակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) միջոցառումներին:

Ստորագրված պայմանագրերի հիման վրա ՀԱԳՄ-ն համագործակցում է արտասահմանյան կազմակերպությունների հետ` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Լիտվայի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքմենիայի և բազմաթիվ այլ երկրների արդյունաբերողների և գործարարների միությունների, Ռուսաստանի հայերի միության, Վրաստանի հարկատուների միության, Հունաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Արգենտինայի, Թուրքիայի առևտրա-արդյունաբերական պալատների, Լիբանանի, Եգիպտոսի, Բուլղարիայի արդյունաբերողների ֆեդերացիաների և ասոցիացիաների, Իրան-Հայաստան առևտրի պալատի, Ֆրանսիայի փոքր ու միջին բիզնեսի կոնֆեդերացիայի, գործարարների միության, Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների խորհրդի, Մոսկվայի գործարարների ասոցիացիայի հետ:

2009թ ապրիլից անդամակցում է նաև Սև և Կասպից ծովերի ավազանի երկրների գործարարների միությունների կոնֆեդերացիային, «Համահայկական առևտրային ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիրներից է:

ՀԱԳՄ-ն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) Գործարար խորհրդի անդամ է։

2022թ․ փետրվարի 16-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Ուկրաինայի արդյունաբերողների և գործարաների միության նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ։

ՀԱԳՄ-ն Հայաստանի ներկայացուցիչ-անդամն է Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդում:

Հայաստանի և արտերկի տնտեսական փոխշահավետ համագործակցությանը նպաստելու նպատակով կազմակերպվել են գործարար համաժողովներ Հայաստանի և Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Թուրքմենիայի, Լիբանանի, Իրանի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կիպրոսի ու այլ երկրների գործարարների մասնակցությամբ:

Միությունը Հայ-թուրքական գործարար կապերի զարգացման խորհրդի համահիմնադիրն է, իսկ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ այդ խորհրդի համանախագահը:

Միության կողմից պարբերաբար կազմակերպվում են նպատակային քննարկումներ, ուսումնասիրվում են տարբեր երկրների շուկաները և դրանցում հայկական արտադրանքի ցուցահնդեսների կազմակերպման նպատակահարմարությունը: Միաժամանակ հետաքրքրված կողմին տրամադրվում են հայկական արտադրատեսակների նմուշներ, համապատասխան իրավաբանական և այլ տեղեկատվություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային օրենսդրության վերաբերյալ: