Միության կառավարման մարմիններն են Միության համագումարը, Միության նախագահը, Միության Խորհուրդը և Միության նախագահությունը, Վերստուգիչ գործառույթների համար ընտրվում է հանձնաժողով:

Միության կառավարման բարձրագույն մարմինը Միության համագումարն է, որն ունի Միության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:

Միության համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ:

Հերթական համագումարը հրավիրվում է ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ՝ Միության Խորհրդի կողմից՝ անդամների համատեղ հավաքի ձևով:

 

Միության համագումարի բացառիկ իրավասությունն է`
• Միության կանոնադրության հաստատումը նրանում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը,
• Միության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,
• Հինգ տարի ժամկետով Միության նախագահի, Միության խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը, դրանց կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
• Միության Խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի թվաքանակը որոշում է համագումարը,
• Միության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,
• Միության լուծարման մասին որոշման ընդունումը, բացի դատարանի վճռով լուծարումից,
• Միության կառուցվածքի հաստատումը,
• Այլ իրավաբանական անձի ստեղծումը, այլ կազմակերպությունում Միության մասնակցության մասին որոշման ընդունումը,
• Միության մարմինների՝ իրավական ակտերի պահանջներին և սույն կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը:

Միության Խորհուրդը.
• Միության նախագահի առաջարկությամբ ընտրում է Միության նախագահություն և փոխնախագահներ՝ նախագահության կազմից:
• Միության փոխնախագահները, նախագահության անդամները ընտրվում և հետ են կանչվում Միության Խորհրդի նիստի մասնակիցների պարզ մեծամասնությամբ:
• Միության փոխնախագահներին և նախագահության անդամներին հետ կանչելու մասին հարցը Միության Խորհրդի քննարկմանն է դրվում Միության նախագահի կամ Միության Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պահանջով:

Միության նախագահությունը.
• որոշում է անդամագրվելու և անդամությունից դուրս գալու հարցերը, Միության անդամների նկատմամբ, Միության նախագահի ներկայացմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ:
• Կարգապահական տույժի ենթարկված միության անդամը նախագահության որոշումը կարող է բողոքարկել Միության Խորհուրդ: Այդ հարցում Միության Խորհրդի որոշումը վերջնական է,
• Միության նախագահի առաջարկով հաստատում և հեռացնում է Միության տնօրենին: Միության նախագահը մինչև Միության նախագահությունում տնօրենի հեռացման հարցի քննարկումը կարող է կասեցնել Միության տնօրենի գործունեությունը, որը չի կարող տևել երկու շաբաթից ավել,
• հաստատում է միության տարեկան ծրագիրը,
• ըստ անհրաժեշտության ձևավորում է Միության մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ,
• Միության նախագահի առաջարկությամբ հաստատում և հեռացնում է Միության լրատվական միջոցների խմբագիրներին,
• հիմնում է առևտրային կազմակերպություններ կամ որոշում է կայացնում մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:
• Հաստատում է Միության՝ սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ուղղությունները:
• իրականացնում է Միության Խորհրդի որոշմամբ իրեն վերապահված, ինչպես նաև ցանկացած այլ՝ Միության համագումարի, Միության նախագահի և Միության խորհրդի իրավասության մեջ չմտնող լիազորություններ:

Միության նախագահը.
• ապահովում է Համագումարի կամ Միության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը,
• միանձնյա տնօրինում է Միության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Միության անունից,
• ներկայացնում է Միությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:

Միության տնօրենը.
• իր իրավասությունների սահմաններում առանց լիազորագրի ներկայացնում է Միությունը,
• ապահովում է Միության նախագահի, Միության Խորհրդի և նախագահության որոշումների կատարումը,
• իրականացնում է Միության նախագահի հրամանները և հանձնարարականները,
• իրականացնում է Միության ֆինանսատնտեսական գործառույթները, բանկերում բացում է Միության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,
• Միության նախագահի հետ համաձայնեցնելով ձևավորում է Միության աշխատակազմը,
• իրականացնում է Միության աշխատակազմի ղեկավարությունը,
• աշխատակազմի հաստիքային ու արտահաստիքային աշխատողներին տալիս է պարտադիր ցուցումներ, արձակում է հրամաններ, ընդունում և ազատում է աշխատանքից: