
Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն դեկտեմբերի 6-ին այցելած ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության փորձագետները նպատակամիտված էին տեղեկանալու գործարար ոլորտում չափագիտության առկա և օրվա պահանջներին համապատասխան ծառայություն ստեղծելու խնդիրներին։
«Այցի նպատակն է օգտագործել մեր հնարավորություններն ու միջազգային փորձը զորակցելու Հայաստանի գործարարներին չափագիտության ոլորտը օրենսդրությամբ և ենթակառուցվածքներով վերազինելու՝ ի շահ բիզնեսի զարգացման ու հատկապես արտահանման գործում չափագիտական առումով դժվարություններ չունենալու համար»,- նշեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տեխնիկական հարցերով խորհրդատու Մանե Թափալցյանը։
«Չափագիտության ոլորտում Հայաստանում շատ անելիքներ կան, համապատասխան ֆինանսական միջոցներ են հարկավոր արդիական լաբորատորիաներ և ենթակառուցվածքներ ստեղծելու համար»,- նշեց ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրանց չափորոշիչները պետք է ձևավորվեն գործարարության պահանջներին համապատասխան։
Ըստ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջազգային փորձագետ Պետեր Յուլբիգի՝ խնդրին կարող է օգնել չափագիտության մասնավոր խորհրդի ստեղծումը, որի վերբերյալ Էդուարդ Կիրակոսյանը հավելեց, որ նախընտրելի է դրա կազմում ընտրել բարձրորակ մասնագետների և գործարարների։
Երկուստեք կարևորեցին խնդրի վերաբերյալ հետագա համագործակցությունը։


