“ARMPRODEXPO 2019” միջազգային ցուցահանդես

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և “LOGOS EXPO Center” ցուցահանդեսային ընկերությունը “YEREVAN EXPO” համալիրում հոկտեմբերի 18-20-ը կազմակերպել էին “ARMPRODEXPO 2019”միջազգային 18-րդ ցուցահանդեսը, որին մասնակցեցին ոլորտի ավելի քան 100 կազմակերպություն։ Հանդիսավոր բացմանը ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով, խոսելով տնտեսության զարգացման նոր իրողություններից, մեծ գոհունակությամբ նշեց մասնավորապես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած արդյունավետ հանդիպումների և քննարկումների մասին։

Այնուհետև հայաստանյան տնտեսական վերընթացի անհրաժեշտ գումարելիների վերաբերյալ օրախնդիր թեման շարունակեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ «Լինելով ԵԱՏՄ անդամ և օգտվելով արտահանման GSP և GSP+ արտոնյալ պայմաններից՝ Հայաստանը այսօր չունի արտաքին շուկաների որոնման խնդիր։ Պարզապես մեր գործարարները պետք է կազմակերպեն առավել մասշտաբային արտադրություններ, որով հնարավոր կլինի մեծ ծավալներով մտնել արտաքին շուկաներ»,- նշեց պարոն Արսեն Ղազարյանը։

Ցուսահանդեսի նպատակն էր նոր կապերով ու համատեղ ձեռնարկումներով հաստատվել առկա շուկաներում, ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի տնտեսությունում, ներկայացնել հանրապետության տնտեսական ներուժը և գտնել նոր գործընկերներ։

Բազմատեսակ էին ցուցահանդեսի թեմատիկ բաժինները՝ գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, լիկյոր, բնական հյութեր, գարեջուր, հանքային ջրեր և ոչալկոհոլային խմիչքներ, մսի և կաթնամթերքի, յուղի ու ձեթի արտադրություն, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր ու բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, ծխախոտ, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։

Leave a reply