«ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն

Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 20-ին բացվեց «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի ավելի քան ութ տասնյակ ընկերություն ներկայացրել են իրենց արտադրանքը տարբեր ուղղություններով՝ ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ, մսի և կաթնամթերքի արտադրանք, պահածոյացված մրգեր ու բանջարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, նպարեղեն, հրուշակեղեն, սննդարդյունաբերական սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։ Համակազմակերպիչ LOGOS EXPO կենտրոնի անվճար տրամադրած առանձին տաղավարով ներկայացված է Արցախից բռնի տեղահանված գործարարների արտադրանքը։

«Որոշակի մտավախություն կար, որ ներկա ռազմաքաղաքական, հոգեբանական իրավիճակում դժվար կհաջողվի ապահովել նման ներկայացուցչական հարթակ,- բացման իր խոսքում նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։- Այդուհանդեձ, այսօր ավելի քան ութսուն ընկերություն ներկայացված է գյուղմթերքի մշակման և արտադրության իրենց արտադրանքով։ Սա նշանակում է, որ գործարարներն ավելի լավատես են, քան հասարակական մթնոլորտն է։ Նշանակում է, որ մենք արարում, ստեղծում ենք արտադրանք, որը մրցունակ է թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում, և դրանով իսկ կարող ենք հպարտանալ մեր աշխատանքով»։

ՀԱԳՄ նախագահը հատկանշական համարեց, որ այս ցուցահադեսին իրենց մասնակցությունն են բերել նաև Արցախի գյուղմթերքի ոլորտի վերամշակող գործարարները։ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հաճախ ենք շփվում մեր գործընկերների հետ, որոնք Արցախում ունենալով լուրջ ներդրումներ, այսօր էլ Հայաստանում են ցանկանում շարունակել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։ Այսպիսին է հայի տեսակը։ Որքան էլ մեզ խփում, ջարդում են, դարձյալ հառնում, ոտքի ենք կանգնում»,-նշեց Արսեն Ղազարյանը։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյոնի՝ արտաքին միջավայրի արագ փոփոխությունները ստիպում են, որպեսզի գործարարությունը հարմարվի դրանց։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում գրանցվում է շարունակական աճ․ նախորդ տարի այն կազմել է 7,9 %։ «Դա վկայում է այն մասին, որ ձեռնարկատերերը կարողանում են հանդես գալ նորարարական լուծումներով, բարձրացնել արտադրողականությունը, զարգացնել համագործակցությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզում»,-նշեց փոխնախարարը։ Նա գոհունակությամբ արձանագրեց, որ ներկա ցուցահանդեսում ներկայացված ապրանքները փաստում են, որ տարեց-տարի տեսականին ավելանում, նորացվում է։ Արման Խոջոյոնը հույս հայտնեց, որ «ArmProd EXPO 2023»-ն ոչ միայն արտադրանքի ցուցադրության արդյունավետ հարթակ կդառնա, այլև հնարավորություն կտա ստեղծել նոր համագործակցություն, զարգացման նոր հեռանկարներ կբացի։

Ցուցահանդեսում Ռուսաստանը ներկայացված է Սմոլոնսկի ու Մոսկվայի մարզերի, ինչպես նաև՝ Ալանիայի ընկերություններով։ Ցուցահանդեսին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն ընդգծեց, որ ռուսական գյուղմթերքների արտադրության էքսպորտը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 35%-ով, և այդ միտումը շարունակվում է նաև այս տարի։ Հայաստան հիմնականում ներմուծվում է ցորեն, յուղեր, մարգարին, շոկոլադ և այլ արտադրանք, որոնք մեծ պահանջարկ ունեն։ Նրա խոսքով՝ ներկայացուցչության գործունեության ուղղություններից է նաև Հայաստանից Ռուսաստան արտահանման խթանումը, որտեղ ևս դրական միտումներ են արձանագրվում։ «Հայկական ապրանքները միշտ էլ իրենց արժանի տեղ են գտել ռուսական շուկայում»,- նշեց Աննա Դոնչենկոն։

«ArmProd EXPO 2023»-ն աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 22-ը։

Leave a reply