
2014թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արմենալի» ֆոլգայի արտահանման ծավալներն աճել են 4,6 տոկոսով
2014թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանը 7175 տոննա արտադրանք է թողարկել’ 4,6 տոկոսով գերազանցելով 2013թ.-ի ցուցանիշը: Այս մասին ընկերության մամուլի ծառայությունից են հայտնել:
«Արմենալը» շարունակում է Հայաստանից Միացյալ Նահանգներ հիմնական արտահանողը մնալ (90 տոկոս): Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով, հունվար-մարտ ամիսներին երկրից 8177 տոննա ալյումինային ֆոլգա է արտահանվել, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից 17,1 տոկոսով բարձր է: Դրամական արտահայտությամբ ֆոլգայի արտահանումը 6,2 տոկոսով է աճել’ 23,3 մլն ԱՄՆ դոլարի հասնելով: Երկրից արտահանման ողջ ծավալում «Արմենալի» բաժինը 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում 6,7 տոկոս է կազմել:
Տեխնոլոգիաների թարմացման եւ արտադրության արհեստավարժ կազմակերպման շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 8,8 տոկոսի չափով աճ է գրանցվել նաեւ հումքի եւ թողարկված անթերի արտադրանքի հարաբերակցությունում: Բացի այդ, 5 տոկոսով աճել է մեկ աշխատակցի թողարկած արտադրանքի ծավալը:
2014թ. հունվար-մարտ ամիսներին «Արմենալում» միջին ամսական աշխատավարձը գրեթե 344 հազար դրամի է հասել, ինչը 11,7 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալից եւ 2,2 անգամ գերազանցում է Հայաստանում վճարվող միջին աշխատավարձի մակարդակը:
Աղբյուրը՝ news.am