
Քննարկվեց արհեստական բանականության դերը հաղորդակցության կազմակերպման գործում
«Արհեստական բանականությունը հաղորդակցության կազմակերպման գործում» ընդհանուր խորագիրն էր կրում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հունիսի 12-ին կազմակերպված սեմինար–հանդիպումը, որին մասնակցեցին Միության անդամ ընկերությունների մարկեթինգի, հաղորդակցության ու զարգացման ոլորտների պատասխանատուներ։
Հայաստանյան շուկայում շուրջ երկու տասնամյակ հաղորդակցության և մարքեթինգի համապարփակ ծառայություններ մատուցող «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը ներկայացրեց իրենց կառույցի բազմամյա փորձը, հանգամանալի խոսվեց աշխատանքում արհեստական բանականության գործիքների արդյունավետ օգտագործման, բրենդի ձևավորման և առաջխաղացման գործընթացներում դրանց կիրառման կարևորության մասին։ Քննարկվեցին արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները բիզնեսի կազմակերպման գործում, մարկեթինգում ԱԲ–ի ներդրման նպատակահարմարությունը, անդրադարձ եղավ առկա թրենդային գործիքակազմերին։
Ըստ Րաֆֆի Նիզիբլյանի՝ շուկայի համապարփակ հետազոտության արդյունքները ցույց են տվել՝ չնայած նրան, որ շատ կազմակերպություններ ունեն համապատասխան ներքին թիմեր, այդուհանդերձ, հաճախ կարիք է առաջանում դիմել նաև հավելյալ արտաքին ծառայությունների։ Դա վերաբերում է ինչպես հայկական շուկան թիրախավորած, այնպես էլ արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին։
Բանախոսը պատասխանեց սեմինար–հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։





