
Քննարկվեցին Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային սահմանված ներդրումներին առնչվող հարցեր
Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային սահմանված ներդրումներին էր նվիրված նոյեմբերի 28-ին կազմակերպված վեբինարը, որը նախաձեռնել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ իր գործընկեր՝ Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի հետ համատեղ։
Հայաստանի Հանրապետությունը 1993 թ. վավերացրել է Միացյալ ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային, իսկ 2017 թ. փետրվարին՝ Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և Փարիզյան համաձայնագիրը: 2021 թ․ սահմանվել են վերջինիս ներքո Հայաստանի 2021-2030 թթ․ ազգային մակարդակով գործողությունները/ներդրումները։
Վեբինարի մասնակիցներն անդրադարձան կլիմայի փոփոխություններով պայմանավորված մարտահրավերներին, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մշակմանը, դրանց ազդեցությանը բնապահպանական, ձեռնարկատիրական գործունեության վրա, հանրության տեղեկացվածության և մասնակցության աստիճանին։
Ազգային սահմանված ներդրումների միջազգային փորձը, տարբեր երկրներում առկա առանձնահատկությունները, ընդհանուր միտումները, դժվարությունները և հաջողված օրինակները ներկայացրին Ասիական զարգացման բանկի միջազգային խորհրդատու Ալեքսի Սանկովսկին (ԱՄՆ) և Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի առաջատար ավագ խորհրդական Պիտեր Հելքը։ Վերջինիս խոսքով՝ կուտակված փորձի ուսումնասիրությունը երկրներին հնարավորություն է տալիս վերանայել, կատարելագործել իրենց սահմանած նշաձողերն ու դրանց հասնելու ուղիները։ Նշվեց, որ հստակ ձևավորված ազգային ներդրումների պարագայում մեծանում են միջազգային կառույցներից ստացվող ինչպես կազմակերպչական, այնպես էլ ֆինանսական աջակցության, հնարավորինս նպաստավոր արդյունքի հասնելու հնարավորությունները։
Հայաստանում Ազգային մակարդակով գործողությունների ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս աշխատանքներ են տարվում համապատասխան օրենսդրական նախագծերի մշակման ուղղությամբ, որի ավարտը նախատեսված է 2025թ․ վերջին։ Բանախոսն անդրադարձավ ձևավորված առանձին միջգերատեսչական խորհրդի գործունեությանը։
Մասնակիցներն Ազգային սահմանված ներդրումների մշակման և կենսագործման գործում առանձնապես կարևորեցին հասարակական հատվածի, գործարարության ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը։ Ըստ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ արդյունաբերական հզորությունների ընդլայնումը, մասնավոր հատվածի շահերն անմիջականորեն են առնչվում կլիմայական փոփոխություններին, և անչափ կարևոր է, որ համապատասխան գործողությունների, իրավական կարգավորումների մշակմանն ակտիվ ներգրավված լինեն նաև գործարար համայնքի ներկայացուցիչները։
Ալեքսի Սանկովսկին և Պիտեր Հելքը ներկայացրին կառավարություն–մասնավոր հատված երկխոսության արտերկրի փորձը, երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները։ Նրանք պատասխանեցին վեբինարին մասնակից գործարարների բազմաթիվ հարցերին։
Նշենք, որ սա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի համատեղ կազմակերպած երկրորդ վեբինարն էր։