
«Գործարարության նպատակն է օգնել պետականության հիմքերն ամրապնդելուն տնտեսության ոլորտում»․ ՀԱԳՄ նախագահ
ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագրի քննարկումն էր ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ նոյեմբերի 15-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում։
«Հաճախ պետության կողմից մշակված, ներդրված աջակցության ծրագրերը լիարժեք չեն օգտագործվում, որովհետև շահառուները ամբողջությամբ չենք ընկալում, թե ինչ օժանդակություն է առաջարկվում կամ ինչ եղանակով պետք է դրանցից օգտվել»,– նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ սա առնչվում է նաև տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին աջակցության ծրագիրն, որը, ելնելով նախորդ փորձից, լավարկման փուլ է անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Ծրագրի դրույթներն ամբողջությամբ բացահայտելու, այն շահառուներին հասանելի դարձնելու, օգտվելիս առաջացող դժվարությունները վերհանելու, ինչպես նաև դրանց առնչությամբ գործարարների մոտեցումներն ու առաջարկները ի մի բերելու խնդիրն էր դրված որպես ներկա քննարկման նպատակ։
Աջակցության ծրագրի դրույթները, նպատակներն ու կիրակման կարգը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի վարչության խորհրդական Աշոտ Սողոմոնյանը։ Ծրագրի նախապայմաններից է 1 միլիարդ դրամ ներդրում կատարելը ՀՀ տարածքում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության մեջ։ Վերջիններիս ցուցանիշները մշակվել են Հարվարդի համալսարանի կողմից, որոնք կապված են ոչ թե ապրանքի տեխնիկական բարդության հետ, այլ արտահանման բազմազանության և նվազ քանակով երկրներում արտադրության հետ։ ՀՀ–ի համար համապատասխան ապրանքների ցանկը հրապարակված է որոշման հետ և ներառում է շուրջ 530 անուն, որոնց տնտեսական բարդությունը պետք է լինի 0,2-ից բարձր։ Պահանջներից է, որ արտադրանքի որոշակի մասը պետք է արտահանվի, իսկ ընկերության թողարկած ապրանքների 30%-ը պետք է լինի տնտեսապես բարդ արտադրանք։ Ըստ Աշոտ Սողոմոնյանի՝ ընկերությանը ներկայացվող այլ պայմաններ ու սահմանափակումներ չկան, միայն թե այն չպետք է ներգրավված լինի սնանկության գործընթացում և հարկային պարտավորություններ չպետք է ունենա։
Աջակցությունը տրամադրվում է փուլերով, ինչը կապակցված է մի քանի շեմերի հաղթահարման հետ։ Առաջին փուլով աջակցությունը տրվում է այն պարագայում, եթե ներդրումային ծրագրի արդյունքում իրականում արտադրվել է տվյալ տնտեսական ապրանքից։ Գործնականում անգամ մեկ նմուշի առկայության պարագայում արտադրողն իրավունք ունի հավակնելու ստանալ ներդրված գումարի 10%-ի չափով աջակցություն։ Երկրորդ փուլը կապակցված է շրջանառության որոշակի շեմի հասնելու հետ, և օգնությունը ստացվում է ըստ եռամսյակային ծրագրի ներդրված գումարի։ Երրորդ փուլի աջակցությունը կապակցված է ընկերության կողմից վճարվող հարկերի հանրագումարի հետ՝ ըստ համապատասխան բանաձևերի։ Արդյունքում՝ ընկերությունը կարող է ետ ստանալ իր կապիտալ ներդրված գումարների մինչև 35%-ը։
Աշոտ Սողոմոնյանը տեղեկացնելով, որ մի քանի ամիս է, ինչ նախարարությունում ընթանում են ծրագրի լավարկման աշխատանքներ, գործարարներին հորդորեց ներկայացնել իրենց նկատառումներն ու առաջարկները։ Նա պատասխանեց նիստի մասնակիցների բարձրացրած բազմաթիվ հարցերին, գործարարները ներկայացրին իրենց մոտեցուները։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում էր նաև հերթական՝ 9-րդ համագումարի հրավիրմանն առնչվող հարցը։
«Ստեղծվելով 1996 թվականին, Միությունն ապրել է զարգացման տարբեր ժամանակահատվածներ․ սկզբում եղել ենք շատ զանգվածային կազմակերպություն, տարբեր փուլերում ֆիլտրվել ենք, մշակել տարբեր օրակարգեր,–իր խոսքում նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։–Ներկայում էլ մենք ունենք խնդիրներ, այդ թվում՝ կազմակերպության անդամների շահերի պաշտպանությունը, տնտեսության զարգացմանը խոչընդոտող հարցերի վերհանումն ու բարձրաձայնումը, գործադիր և օրենսդիր մարմինների հետ երկխոսության ծավալումը, այդ երխոսության արդյունավետության բարձրացումը»։
ՀԱԳՄ նախագահը կարևորեց փորձագիտական աշխատանքների ակտիվացումը, կառուցի գործունեության մեջ երիտասարդ գործարարների ներգրավումը, ավագների փորձը նոր հերթափոխին փոխանցումը։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ գործարարությունը պետության տնտեսական բաղադրչն է, և պետք է բարձրաձայնի իր ասելիքը ու լսված լինի։ Այն ունի մեկ նպատակ՝ օգնել պետականության հիմքերն ամրապնդելուն՝ գործարարության, տնտեսության ոլորտում։
Նիստում որոշվեց ՀԱԳՄ 9-րդ համագումարը հրավիրել 2024թ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում։ Հաստատվեցին նաև համագումարի վավերացմանը ներկայացվելիք մի շարք որոշումների նախագծեր։
Խորհրդի նիստում ընդունվեցին ՀԱԳՄ նոր անդամներ․ Միության շարքերը համալրեցին «ԴԵՎՍՈՖՏ ԷՅԷՄ» ընկերությունը և «Գառնիկ Օհանյան ԱՁ»–ն։












