
Պետությունը ծրագրում է աջակցել հայկական ծագմամբ արտադրանք ԵՄ շուկա արտահանող ընկերություններին
Հայկական ծագմամբ արտադրանք Եվրոպական միության շուկա արտահանող ռեզիդենտ կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետությունը նախատեսում է աջակցել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել կառավարության որոշման նախագծից, որով տեղական արտադրանք արտահանող ընկերությունը հնարավորություն կունենա փոխհատուցում ստանալ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով։
«Ժամանակին մենք ունեցել են GSP և GSP+ համակարգերը, որոնք եվրոպական ու ԱՄՆ շուկաներ արտահանելիս մաքսատուքերի առումով արտոնություն էին տալիս, և որոնք այսօր չկան։ Այժմ պետությունը փորձում է այս ձևով նույն աջակցությունն իրականացնել, ինչը շատ խրախուսելի է»,–Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ մաքսատուրքերը տարբեր երկրներում տարբեր են՝ 5% մինչև 12%, բայց այս քայլը էական աջակցություն է գործարարի համար, հատկապես՝ սկսնակի, որը շուկա մտնելու առաջին քայլերն է անում, և պետությունը, ըստ էության, օժանդակում է, որ նա կարողանա մտնել այդ շուկա ու տեղ զբաղեցնել։ «Սա նպաստող, աջակցող մեխանիզմ է, որը կարող է լուրջ օգնել այն գործարարներին, որոնք արտադրում են և արտահանման պոտենցյալ ունեն։ Շատ կարևորում եմ, և որքան շուտ որոշումն ընդունվի, այնքան մենք ուրախ կլինենք»,–նշել է ՀԱԳՄ նախագահը։
Ըստ Արսեն Ղազարյանի՝ շուկաներ մտնելը մի քանի բաղադրիչներից է կախված՝ մարկեթինգ, ներդրումային գումարներ, որպեսզի երկարաժամկետ ապրանքային վարկեր տրվեն առևտրային ցանցերին, և այլ։ Բայց եթե մտնում եք շուկա, և տեղի կազմակերպությունը կամ դիստրիբյուտորը ձեր ապրանքի համար նաև մաքսատուրք է վճարում, դա թանկացման է հանգեցնում։ Ըստ էության՝ այս ծախսը պետությունը վերցնում է իր վրա՝ մրցակցելու հնարավորություն տալով մյուս բաղադրիչներով։
«Սա բյուջեի վրա էական ծախս է լինելու, և որոշում ընդունելիս պետությունը դա ևս հաշվի է առնելու։ Եթե այն ընդունվի՝ գործելու հերթը գործարարներինը կլինի»,–նշել է ՀԱԳՄ նախագահը։
Ամբողջական ռեպորտաժը՝ տեսանյութում։