Արսեն Ղազարյանը վերընտրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հերթական՝ 9–րդ, համագումարում Միության նախագահ միաձայն վերընտրվեց Արսեն Ղազարյանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար` ՀԱԳՄ նախագահը գործընկերներին կոչ արեց այսուհետ է՛լ ավելի ակտիվորեն հետամուտ լինել գործարարության շահերի պաշտպանությանը, տնտեսական գործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը, օրենսդրական նախագծերի քննարկումներին մասնակցությանը, տնտեսվարողներին ու տնտեսական քաղաքականությանն առնչվող խնդիրների վերհանմանը, դրանց լուծումերի ձևակերպմանն ու առաջմղմանը, մասնավոր հատված–պետություն երկխոսության արդյունավետության ապահովմանը։ Նա կարևորեց հետագա աշխատանքներում մասնագիտական, փորձագիտական բաղադրիչի ներգրավումը, նախաձեռնողականությունը, հաղորդակցության աշխուժացումը, տնտեսական ուղղվածության այլ տեղական ու միջազգային կառույցների հետ համագործակցության խորացումը։ «Մենք պետք է գործենք կառուցողական, փաստարկված և հետևողական, հնարավորինս լսելի և արդյունավետ բարձրաձայնենք նկատվող տնտեսական հիմնախնդիրները»,–նշեց Արսեն Ղազարյանը։

Համագումարը հաստատեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 2019թ նոյեմբեր-2024թ. հոկտեմբեր ժամանակահատվածի գործունեության ու գույքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները։ Ընտրվեցին 83 հոգանոց ՀԱԳՄ խորհուրդ, վերստուգիչ հանձնաժողով։

ՀԱԳՄ նորընտիր խորհուրդը համագումարին հաջորդած՝ դեկտեմբերի 13-ին հրավիրված իր անդրանիկ նիստում ընտրեց Միության 30 հոգանոց նախագահություն։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահներ ընտրվեցին Ներսես Կարամանուկյանը, Քրիստ Փիլոսյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հայկազ Բախշեցյանը։

Խորհրդի նիստի մասնակիցներն անդրադարձան Միության գործունության արդյունավետության բարձրացման ուղիներին, կարևորեցին մարզային կառույցների դերակատարությունը, օրենսդրական փոփոխությունների գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը, ոլորտային մասնագիտական խմբերի ձևավորումը, տնտեսագիտական համայնքի հետ համատեղ քննարկումներն ու եզրակացությունների կազմումը, գործարարություն–պետություն գործակցության ինստիտուցիոնալ մեխանիզմի ձևավորումը։

2025 թվականի ապրիլի 12-13-ը Մոսկվայում կայանալիք Հայաստանի նորակառույց շենքերի ցուցահանդես–վաճառքի կազմակերպական աշխատանքներին ծանոթացրեց ՀԱԳՄ խորհրդի անդամ, «Բիզնես փարթնրս օֆ Արմենիա» ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը։ Նրա խոսքով՝ ռուս գործընկերներին կներկայացվեն ոչ միայն ՀՀ անշարժ գույքի շուկան, այլև հանրապետությունում առկա ներդրումային հնարավորությունները։

Վրույր Փենեսյանն անդրադարձավ նաև 2025 թվականի հունիսին  Մոնակոյում անցկացվելիք Հայաստանի օրերին, որի շրջանակներում նախատեսվում է հրավիրել նաև գործարար համաժողով։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն ավերիչ ջրհեղեղից հետո Հայաստանի մարզերում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման գործում ունեցած մեծ ներդրման և Հայաստանի ու Ռուսաստանի գործարար համայնքների միջև համագործակցության զարգացման մեջ ունեցած դերի համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվոգրերով ու ոսկե մեդալներով պարգևատրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն, ՀԱԳՄ նախագահության անդամ Ալեքսեյ Մելնիկովին և գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովին։

Նիստի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ հրատարակվող «Ինչո՞ւ և ինչպե՞ս» գրքաշարի անդրանիկ թողարկումը, որում ներկայացված են ՀՀ ամենամեծ գրախանութների ցանցի՝ «Բուկինիստի», հիմնադիր–տնօրեն Խաչիկ Վարդանյանի կյանքի պատմությունը, նրա՝ որպես գործարարի կայացման ուղին։

Leave a reply