«ՏՏ ոլորտն այն հիմնական ուղղություններից է, որը կոչված է առաջ մղելու տնտեսությունը»․ Արսեն Ղազարյան

«Գրեթե 10 տարի առաջ, երբ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի ոլորտը սկսում էր որոշակի ակտիվություն դրսևորել, որոշեցինք ունենալ նաև ճյուղային կառույց, որը կհամախմբեր այս բնագավառում մասնագիտացված կարող գործարարներին,  կպաշտպաներ նրանց շահերը, ծրագրեր կմշակեր, պետության հետ կառուցողական երկխոսության մեջ կմտներ,– Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հերթական համագումարում ունեցած ելույթում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ –Ստեղծված մի քանի ճյուղային կառույցներից առաջիններից մեկը կայացավ ՏՀՏԳ միությունը, որը միասնական ջանքերով, համարձակ ու համառ քայլերով փորձում է ոլորտն  առաջ մղել  ու զարգացնել»։

Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն հիմնական ուղղություններից է, որը կոչված է առաջ մղելու տնտեսությունը, Հայաստանը ներկայանալի ու մրցունակ դարձնելու միջազգային ասպարեզում։ Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ գործարարների համար  հեշտ չէ բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման կարևորությունն արագ ընբռնելն ու կիրառելը։ Ներկայում ՀԱԳ և ՏՀՏԳ  միությունների առաջնահերթ խնդիրներից է միասնական ջանքերով, համատեղ միջոցառումներով նպաստել նոր տեխնոլոգիաների շարունակական ներդրմանը հայրենական տնտեսության մեջ։ Այս առումով նա կարևորեց նաև պետության հետ տարվող կառուցողական երկխոսությունը։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով՝ իրենց կառույցի առաջնահերթությունը մեր տնտեսության զարգացումը, թվայնացումը, տեխնոլոգիական վերափոխումն է, որպես տեխնոլոգիական միություն՝ տնտեսության լոկոմոտիվներից մեկը լինելը։ Այս տեսակետից նա գնահատելի որակեց ՀԱԳՄ–ի հետ երկարամյա սերտ համագործակցությունը։

Ըստ Արմեն Բալդրյանի՝ ստեղծման իսկ պահից ՏՀՏԳՄ որդեգրած սկզբունքները պահպանվում են նաև այսօր․ Միությունն ինքը չի զբաղվում գործարարությամբ, հետամուտ է իր անդամների բիզնեսի զարգացմանը, առաջնահերթորեն նպատակամիտված է Հայաստանում տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջընթացին նպաստելուն։ Այդ նպատակով ակտիվ համագործակցում են տարբեր կառույցների, պետական մարմինների հետ, ներգրավված են օրենսդրական նախագծերի մշակման գործընթացներում։ «Այսօր պետք է դնենք առաջիկա տարիների արգասաբեր աշխատանքի սկիզբը։  Հայաստանի համար շատ կարևոր է հենց այս ժամանակաշրջանը, քանի որ պահը հարմար է տեխնոլոգիական նոր դաշտեր գրավելու, մեր երկիրն այդ ասպարեզում տեսանելի դարձնելու համար,–նշեց ՏՀՏԳՄ նախագահը։ –Այստեղ ամենից կարևորը մեր բոլորիս համախմբվածությունն է ոչ թե առաջին հերթին մեր բիզնեսների մասին մտածելու, այլ ոլորտը զարգացնելու, Հայաստանում տեխնոլոգիական անհրաժեշտ շղթաներ ձևավորելու համար, ոչ թե միմյանց հետ մրցակցելու, այլ համագործակցելու և մեզանում տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար»։

Ողջունելով համագումարի մասնակիցներին և արդյունավետ աշխատանք մաղթելով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնագիտական միությունները որակեց որպես կառավարությունների համար կարևորագույն հենարաններ։ Նա կարևորեց, որ մասնավոր հատված–պետություն երկխոսությունը լինի կառուցողական և տա իր գործնական արդյունքը։ Այս առումով նա մատնանշեց գործակցության այն արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում մշակվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը։ «Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտը»,–նշեց նախարարը։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործունեության հաշվետվությունը ներկայացրեց ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ։

Համագումարը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ վերընտրեց Արմեն Բալդրյանին։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն Արմեն Բալդրյանին պարգևատրեց ՀԱԳՄ պատվոգրով և ոսկե մեդալով՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի, ոլորտի ձեռնարկությունների շահերի համախմբման, արդի պահանջներին համապատասխան կադրերի վերապատրաստման, ինչպես նաև միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար։

Leave a reply