
Քննարկվեցին եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար պայմանների ստեղծման ուղիները
Եվրասիական տնտեսական միության երկրների և հատկապես փոքր ներքին շուկա ունեցող Հայաստանի համար կենսականորեն կարևոր է արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացումը, որն իր հերթին ենթադրում է արդյունաբերական կոոպերացիայի բավականին բարձր մակարդակ ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ։ Այսպիսի համոզմունք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահ Արսեն Ղազարյանը՝ սեպտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական տնտեսական համաժողով–2024»–ի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ–ն բիզնեսի համար. փոխգործակցության ակտիվացման համար պայմանների ստեղծում» պլենար նիստի ժամանակ։ Շեշտելով արդյունաբերական կոոպերացիայի կարևորությունը, բանախոսը նշեց նաև այն խոչընդոտները, որոնք կան արդյունաբերական համագործակցության զարգացման ճանապարհին, այդ թվում՝ սեփական միջոցների բացակայությունը կամ անբավարար լինելը և բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները, ինչը դժվարացնում է համատեղ առևտրային ծրագրերի ֆինանսավորումը, մեծ հեռավորությունը և կոոպերացիոն առաքումների համար բարձր տրանսպորտային ծախսերը, գործընկերային հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին վստահելի աղբյուրներից տեղեկատվության բացակայությունը։ «Մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև գործարար կապեր հաստատելու կենտրոնացված ռեսուրսներ դեռևս չկան, խոշոր ընկերությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը թերզարգացած է»,–հավելեց ՀԱԳՄ նախագահը։
Արսեն Ղազարյանի խոսքով՝ ելնելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեծ հեռավորությունից և ընդհանուր սահմանի բացակայությունից, հայկական ձեռնարկությունները պետք է առաջնորդվեն նրանով, որ համատեղ արտադրանքը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝ քիչ նյութատարություն, ցածր էներգասպառում, լինեն աշխատատար և գիտատար: Նրա գնահատմամբ՝ արդյունաբերական կոոպերացիայի առումով Հայաստանի համար հեռանկարային են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ճշգրիտ ճարտարագիտությունը, մասնավորապես ռադիոէլեկտրոնիկան և արհեստական բյուրեղների մշակումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը, ներառյալ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակումը, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը և այլն։
Նշվեց, որ այս տարվանից ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են աջակցել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերին, այսինքն. արտադրություններ, որոնց մասնակցում են Միության երեք կամ ավելի երկրներ։ Նախագծերը կընտրվեն վերազգային մակարդակով՝ արդեն հաստատված կանոնների համաձայն, իսկ ֆինանսավորումը կտրամադրվի ԵՏՀ բյուջեից։ Այս առումով՝ ներկա տնտեսական համաժողովում քննարկվող հարցերի լայն շրջանակը կոնկրետ խնդիրներ է դնում նաև ԵԱՏՄ Գործարար խորհրդի առաջ։
ՀԱԳՄ նախագահի գնահատմամբ՝ Գործարար խորհուրդը գործնականում ցույց է տվել իր կենսունակությունը՝ որպես հարթակ, որը թույլ է տալիս ձևավորել, ներկայացնել և պաշտպանել բիզնեսի միասնական դիրքորոշումը։ Այդուհանդերձ բանախոսն անդրադարձավ նաև դեռևս առկա այն չլուծված խնդիրներին, որոնք խոչընդոտում են փոխադարձ առևտրին։
«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում հետագա հաջող ինտեգրման համար անհրաժեշտ է ակտիվ և հետևողական աշխատել փոխադարձ առևտրում խոչընդոտների և անհարթությունների վերացման ուղղությամբ, խուսափել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը չնպաստող որոշումներ կայացնելուց, կտրուկ նվազեցնել բյուրոկրատիայի մակարդակը, քչացնել միութենական շրջանառության մեջ այսօր պահանջվող տարբեր փաստաթղթերի քանակը»,–ասաց Արսեն Ղազարյանը՝ մանրամասնելով, որ գործարարները մատնանշում են տեխնիկական կանոնակարգման, ԱԱՀ-ի, մաքսային վարչարարության մասով հարկային ձևակերպումների, առանձին ոլորտներում առկա խնդիրները։
Բանախոսի հավաստմանբ՝ բարձրացված բոլոր հարցերը ներկայացվում են ԵՏՀ, բազմաթիվ քննարկումներ են անցկացվում, նամակներ են փոխանակվում, բայց գրեթե հազվադեպ բացառություններով ոչ մի հարց արագ և վերջնական լուծում չի ստանում։ «Իսկ եթե բարձրացված հարցերն ապագայում ևս օպերատիվ չլուծվեն, եթե բիզնեսի ձայնը չլսվի, ապա այս ամենը չի նպաստի բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը»,–համոզված է ՀԱԳՄ նախագահը։
ԵՏՀ-ի փոխգործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքի հետ ամրապնդելու և հատկապես տնտեսվարող սուբյեկտների խնդրահարույց հարցերը դիտարկելու մեխանիզմը բարելավելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահն առաջարկեց դիտարկել ԵՏՀ արագ արձագանքման միասնական կենտրոն ստեղծելու հնարավորությունը: Դա թույլ կտա տնտեսվարող սուբյեկտների բոլոր խնդրահարույց հարցերն ու հայտարարություններն ուղարկել այդ կենտրոն, որտեղ արագ քայլեր կձեռնարկվեն ծագած խնդիրներին շուտափույթ լուծումներ գտնելու համար: Նաև՝ գործարարներն այս կենտրոնի տրամադրած տեղեկատվությունից կկարողանան կանոնավոր հետևել, թե ինչ փուլում է գտնվում իրենց բարձրացրած հարցերի լուծումը։
Պանելային նիստի մասնակիցները քննարկեցին եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների ներդրումը բիզնես պայմանների բարելավման գործում, ինչպես նաև ինտեգրման սիներգետիկ էֆեկտների հասնելու օպտիմալ ուղիները՝ Միության տարածքում բիզնես ակտիվության ընդլայնման միջոցով:
«Բիզնեսը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժն ու շահառուն է։ Ձեռնարկատերերը ներգրավված են Հանձնաժողովի ակտերի մշակման մեջ: Որպես 2023 թվականի կարգավորման ազդեցության գնահատման բաղադրիչ՝ բիզնես առաջարկների կեսից ավելին հաշվի է առնվել։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն փոխգործակցության ընթացքում բիզնես վարելու համար հավասար պայմանների ապահովմանը, ինչպես նաև ծառայությունների առևտրի ազատականացմանը, առաջին հերթին ծառայությունների միասնական շուկայի զարգացմանը և դրա կայուն գործունեության ապահովմանը»,- ասաց ԵՏՀ Կոլեգիայի անդամ Բախիթ Սուլթանովը։
Նշվեց, որ նիստում ներկայացված մտքերի և նախաձեռնությունների փոխանակումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում հարցերի լայն շրջանակի քննարկման ժամանակ բիզնեսի մասնակցության մեխանիզմների կատարելագործմանը, ԵԱՏՄ երկրների միջև ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև տնտեսական կապերի զարգացմանը:
Նիստին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների, Կուբայի գործարար ասոցիացիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի ղեկավարները։








