
Երևանում կայացավ ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության 24-րդ նիստը
«Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացումը և միասնական տնտեսական տարածքի արդյունավետ գործունեության ապահովումը պահանջում են շարունակական աշխատանք՝ ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտները, այդ թվում՝ արգելքները, սահմանափակումները և բացառությունները վերացնելու ուղղությամբ»,– ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության 24-րդ՝ սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած նիստի ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նախագահ Արսեն Ղազարյանը։
Ներկայացնելով «ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների մոնիտորինգի մասին» օրակարգային հարցը՝ ՀԱԳՄ նախագահը տեղեկացրեց, որ Գործարար խորհրդի նախագահությունն իր նախորդ նիստում որոշել է ակտիվացնել գործունեությունը ԵԱՏՄ-ում և երրորդ երկրներում Միության անդամ երկրների ապրանքների ու ծառայությունների համար արգելքների, սահմանափակումների ու բացառությունների վերացման համապատասխան մեխանիզմներ մշակելու ուղղությամբ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ շուկաներ ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային և ոչ սակագնային միջոցների կիրառման վերաբերյալ։
Նշվեց, որ ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության 2024 թվականի աշխատանքային պլանի վերը նշված կետի համաձայն՝ առաջարկվում է ԵԱՏՄ Գործարար խորհրդի կողմերի անդամ ընկերությունների շրջանում հարցում անցկացնել՝ ներքին շուկայում, ինչպես նաև Միության և երրորդ երկրների հետ հարաբերություններում առկա խոչընդոտների վերաբերյալ։ Ըստ Արսեն Ղազարյանի՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի կողմերի անդամ ընկերությունների հարցման արդյունքների հիման վրա կկազմվի զեկույց՝ եվրասիական բիզնեսի համախմբված դիրքորոշման ձևավորման և այն ազգային իշխանությունների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ երկխոսության ընթացքում առաջմղման համար:
Նշվածից բացի ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության 24-րդ նիստի օրակարգում ընդգրկված էր ևս յոթ հարց, այդ թվում՝ «ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման և մինչև 2045 թվականը «Եվրասիական տնտեսական ուղու» մասին Միության անդամ պետությունների ղեկավարների հռչակագրի իրականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ», «ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մասին», «Երրորդ երկրների և միջազգային կառույցների գործընկերների հետ համագործակցության մասին», «ԵԱՏՄ Գործարար խորհրդի աշխատանքային մարմինների մասին», «ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև փոխգործակցության խորհրդի և ԵՏՀ Կոլեգիայի ենթակա խորհրդատվական մարմինների հետ փոխգործակցության մասին»։
«ԵԱՏՄ-ի և ԵՏՀ-ի Գործարար խորհրդի երկխոսությունը բիզնես համայնքի շահերից բխող հաջող ինտեգրացիայի գրավականն է»,–իր խոսքում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման և մինչև 2045 թվականը «Եվրասիական տնտեսական ուղու» մասին հռչակագիրը նոր հնարավորություններ է բացում բիզնեսի համար։
«Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը փաստաթուղթ է, որն առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսվարող սուբյեկտներին՝ ԵԱՏՄ գործընկերների հետ վստահորեն բիզնես վարելու, գործարար ու ներդրումային միջավայրը բարելավելու և բարենպաստ մրցակցություն ապահովելու համար»,–նշեց նա։
Էլդար Ալիշերովը ընդգծեց ԵԱՏՄ Գործարար խորհրդի առանձնահատուկ դերը եվրասիական ինտեգրման կառուցման գործընթացում և հույս հայտնեց հետագա արդյունավետ փոխգործակցության առնչությամբ։
Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում կայացած նիստի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցությանը միջազգային գործընկերների հետ։ Նշվեց, որ հանձնաժողովն արդյունավետ համագործակցում է տարածաշրջանի առանցքային տնտեսությունների, միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների և ասոցիացիաների, ինչպես նաև միջազգային մասնագիտացված կառույցների հետ։
ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատեց քննարկված բոլոր օրակարգային հարցերի վերաբերյալ արձանագրությունները։
Ընդունվեց նաև ԵԱՏՄ Գործարար խորհրդի երևանյան հռչակագիրը՝ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների շարունակական զարգացման մասին։







