
«Տնտեսությունն արմատապես առաջ մղել հնարավոր կլինի պետություն–մասնավոր հատված մի նոր փուլի համագործակցության արդյունքում»․ Արսեն Ղազարյան
Մրցակցային իրավիճակի առումով մեր տնտեսությունում թեև վերջին տարիներին արմատական փոփոխություններ են գրանցվել, այդուհանդերձ որոշակի խնդիրներ դեռ առկա են, որոնք ինչ–որ առումով օբյեկտիվ են։ Այս կարծիքը հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` Համաշխարհային բանկի գրասենյակի «Հայաստան․ երկրի տնտեսական նորությունները» առաջին զեկույցի՝ նոյեմբերի 21-ին կազմակերպված շնորհանդեսի շրջանակում անկացված պանելային քննարկման ժամանակ։ ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ դեռևս առկա են գերակա դիրք ունեցող մի քանի ընկերություններ, որոնք պատմական ժառանգություն են, տարիների ընթացքում համակարգային ձևավորում են իրականացրել, և այսօր դրանց հետ մրցակցության մեջ մտնելը բավականին դժվար է։ «Այստեղ է, որ մեծապես կարևորվում է պետության, մասնավորապես` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, պետական կարգավորումների դերը, որպեսզի կարողանան հավասարակշռություն ապահովել, թույլ չտան սահմանագիծն անցնել»,–նշեց բանախոսը։
Մրցակցության հետ կապված խնդիրներ առկա են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառում, որոնց անդրադարձ կա նաև ներկայացված զեկույցում։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ այդ խնդիրների մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել է, սակայն այսօր էլ դրանք մնում են օրակարգային։ Իրավիճակից դուրս գալու համար, ըստ բանախոսի, հարկավոր է ավելի հստակ մշակել հասկացությունները՝ հակամրցակցային պայքար, գերակա դիրքի չարաշահում, ինչպիսի ցուցանիշեր են, որոնք կարող են բերել այդ իրավիճակին։ Նրա համոզմամբ՝ եղած օրենսդրությունը, ճիշտ չափորոշիչներից ելնելով, պետք է համապատասխանեցվի իրականությանը։
Ժամանակին գործարար համայնքը պայքարեց, որպեսզի փոփոխվող համապատասխան օրենսդրության մեջ տեղ չգտնեն պատասխանատվության քրեականացման տարրեր, այդուհանդերձ դրանք օրենսդրորեն ամրագրվեցին։ «Մենք կողմնակից ենք, որ երբ գործարարը խախտումներ է թույլ տալիս, պատասխանատվության ենթարկվի ֆինանսապես, որից առաջին հերթին կտուժի ինքը, իսկ պետությունը կշահի՝ տուժ–տուգանքների տեսքով։ Մինչդեռ, քրեականացումն արդարացված չէ, որովհետև վերջինիս վախը միշտ առաջացնում է բացասական երևույթներ՝ թե՛ կառավարիչների, թե՛ գործարարների մոտ»,–ասաց ՀԱԳՄ նախագահը։
Բանախոսի գնահատմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ մեզանում չենք կարողանում փոխել տնտեսության կառուցվածքը, դիվերսիֆիկացիա ապահովել։ Ունենք ճյուղեր, որոնք որոշակի զարգացում են ապահովում, բայց ընդհանուր տնտեսությունն արմատապես առաջ մղել, որը նաև աշխատատեղերի հարց կլուծի, չի հաջողվում։ Արսեն Ղազարյանի կարծիքով՝ դա պետություն–մասնավոր հատված մի նոր փուլի համագործակցության արդյունքում կարող է լինել։ «Ճիշտ է, մենք գոհ ենք այն հարթակներից, որ բիզնեսը համակարգող հասարակական կառույցներն ունեն պետության հետ համագործակցության մեջ՝ խոսքը տեղ է հասնում, լսում են, բանավիճում, քննարկում ենք։ Բայց համագործակցությունն ավելի շատ ակնկալվում է տնտեսության կառուցվածքի փոփոխության առումով։ Մենք պետք է դուրս գանք այս վիճակից»,–նշեց նա։
Երկրի խոշոր հարկատուների ցուցակը վկայում է, որ առաջին տասնյակն ապահովում է հարկերի 70-80%, որի զգալի մասը՝ առաջին չորսին է բաժին ընկնում։ Այս պարագայում զարմանալի չեն առկա գործազրկության ցուցանիշերը։ «Մեզ պետք են լուրջ ներդրումներ՝ նոր աշխատատեղերի ստեղծման առումով, հատկապես՝ վերամշակող արտադրության, արդյունաբերության ոլորտներում, որովհետև այն, ինչ ունենք առևտրի, ծառայությունների ոլորտում, գերհագեցած է։ Մենք մի անգամ ապրել ենք շինարարական ինդուստրիայի փուչիկի պայթման էֆեկտը և հիմա նորից մոտենում ենք այդ փուչիկի մեծացմանը։ Ճիշտ է, մի կողմից դա լավ է՝ ներդրումներ է բերում, աշխատատեղեր ստեղծում, բայց սա մի ճյուղ է, որը սահմանափակում է ունենալու»,–կարծիք հայտնեց ՀԱԳՄ նախագահը։
Բանախոսի գնահատմամբ՝ եթե պետությանը հաջողվել է համակարգային կոռուպցիան զգալի նվազեցնել և ինչ–որ տեղ զսպել գերակա դիրք ունեցողներին, միևնույն է՝ այդ գործընթացն օբյեկտիվորեն դեռ առկա է։ «Ինչպես հաղթահարել՝ դժվար է ասել, որովհետև տարիներ շարունակ նույն խնդիրները մեր առջև միշտ կանգնել են բոլոր իշխանությունների ժամանակ։ Այսօր հույսը մի փոքր շատ է, որովհետև իշխանությունը փորձում է ավելի օբյեկտիվ մոտենալ, ավելի արդիականացնել իր կառավարման մեթոդները, կարծես թե, արդարության աստիճանն ավելի բարձր է, բայց ջանքերի համադրում և ընդգրկուն վերլուծություններ են հարկավոր արդյունավետ լուծումներ գտնելու համար»,–ասաց Արսեն Ղազարյանը: