
«Արձանագրված խնդիրները և լուծումները պետք է հետևողականորեն բարձրացնենք՝ պետություն–մասնավոր երկխոսությանն արդյունավետություն հաղորդելու նպատակով». Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նոյեմբերի 25-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգային հարցերից էր քննարկել, հավաքագրել, լուծումներ առաջարկել տնտեսվարողներին հուզող այն հիմնախնդրների վերաբերյալ, որոնք ՀԱԳՄ ներկայացուցիչները կբարձրացնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարար համայնքի հետ առաջիկայում նախատեսված հանդիպման ժամանակ։
«Մեր կողմից արված դիտարկումների արդյունքները, բացահայտումները, արձանագրված խնդիրները պետք է հետևողականորեն բարձրացնենք, ներկայացնենք հիմնավորումներ և լուծումներ՝ պետություն – մասնավոր հատված երկխոսությանն առավել արդյունավետություն հաղորդելու նպատակով»,– դիմելով նիստի մասնակիցներին՝ նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Խորհրդի անդամների բարձրացած հիմնահարցերը գերակշիռ մասով առնչվում էին հարկային վարչարարությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, պետություն–մասնավոր հատված գործակցության խնդիրներին։
Մասնավորապես ՀԱԳՄ նախագահն անդրադառնալով պետական վարչարարության խնդիրներին, ուշադրություն հրավիրեց գործող օրենսդրության այն դրույթներին, որոնք քրեական պատասխանատվություն են ենթադրում խախտումներ թույլ տված գործարարների նկատմամբ։ Սահմանված 10 միլոն դրամի շեմը, հարկային աշխատակցի դիտարկման հիման վրա Քննչական կոմիտեի կողմից վարույթի հարուցումը, հաճախ՝ այդ հիմքով ընկերությունների ղեկավարների կալանավորումները բացասաբար են անդրադառնում ձեռնարկությունների գործունեության, աշխատակազմի, գործարար ընդհանուր միջավայրի վրա, շատերն անգամ դադարեցնում են իրենց գործունեությունը։ «Արդյունքում՝ բյուջեի ընդհանուր մուտքերի համեմատ վերականգնվել է ոչ մեծ գումար, բայց արժե՞ դրա համար ու նման եղանակով խաթարել բիզնեսի առողջ մթնոլորտը, տագնապ առաջացնել, գործարարների շրջանում անտեղի դժգոհություններ ձևավորել վարչական կարգավորումներից»,–ասաց Արսեն Ղազարյանը։
Գործարարներն անդրադարձան նաև այն իրողությանը, որ Հարկային օրենսգրքում կատարվող իրավիճակը վատթարացնող շատ փոփոխությունների տրվում է հետադարձ ուժ և հետին թվով կիրառվում, ինչն անընդունելի է։ Անդրադարձ եղավ տեսչական մարմինների գործունեությանը, արևային էներգետիկային առնչվող հիմնախնդիրներին, միկրոձեռնարկությունների հետ աշխատելու սահմանափակումներին, օտարերկրյա ներդրումների երաշխիքներին, արտադրանքի՝ միջազգային չափանիշերի ապահովման կարևորությանը, այլ հարցերի։
Որոշվեց հնչեցված խնդիրներն՝ իրենց հիմնավորումներով ու լուծումերով, գրավոր ներկայացնել և համակերգել։
ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Դանիայի արդյունաբերողների հիմնադրամի (DIF) և Դանիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» դրամաշնորհային ծրագիրը, որի մեկնարկը տրվել է սույն թվականի հոկտեմբերին։ Այն կոչված է նպաստելու գործարար միջավայրում ՇՄՍԿ սկզբունքների կիրառմանը, ապահովելու հայաստանյան բիզնեսի կարողությունների ամրապնդումը և կայուն զարգացումը, ինչպես նաև մրցունակության բարձրացումը: Նպատակն է ամրապնդել ՀԱԳՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունները, տրամադրել ՇՄՍԿ հարցերի վերաբերյալ ուսուցում և խորհրդատվական ծառայություններ, նպաստել կլիմայական դիմադրողականության վերաբերյալ ազգային երկխոսությանը և խթանել միջոլորտային ու տարածաշրջանային գիտելիքներով փոխանակումը:
ՀԱԳՄ շահագրգիռ անդամներին առաջարկվեց ներկայացնել համապատասխան հայտեր և իրենց նկատառումները։









