ՏՀՏ գործատուների նորաստեղծ միություն

Նոյեմբերի 23–ին «Կոնգրես» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների նորաստեղծ միության համար և՛ մեկնարկ էր, և՛ անցնելիք ճանապարհի կանաչ լույս։ Նպատակը առավել քան պարզ է՝ ներկայացնել և պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը։ Այդ մասին լրագրողներին հանգամանորեն պատմեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը։

«Հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը՝ Միությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և բուհական կրթությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ։ Սատարելու և իրականացնելու ենք գիտության և արտադրության մերձեցմանն ու սերտաճմանն առնչվող ծրագրեր…», – նշեց Արմեն Բալդրյանը։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորեց նաև միջազգային ասպարեզում Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին և բազմաբնույթ ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաև նորաստեղծ գործատուների միության նախաձեռնություններում միջազգային կազմակերպությունների ներգրավմանը վերաբերող խնդիրները։

«Նորաստեղծ միությունը նպատակամիտված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական և կրթական կառույցների հետ ՝ ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը»,– հավելեց Արսեն Ղազարյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սիրով միանում է բոլոր շնորհավորանքներին և ակնկալում, որ նորաստեղծ միությունը իր արժանավայել խոսքը կասի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ազգանպաստ գործում։

Leave a reply