
Համագործակցության նոր հուշագիր
Հոկտեմբերի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ռուսաստանի Դաշնությունում գործող «ԿԻԼԻԿԻԱ» գործարար ակումբի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Պայմանավորվածության համաձայն՝ սեփական անդամների գործարար ծրագրերի իրականացման համար ՀԱԳՄ–ն կարող է օգտվել Հայկական «ԿԻԼԻԿԻԱ» բիզնես ակումբի հնարավորություններից։
Համապատասխանաբար ակումբի անդամներն ու գործընկերները, Հայաստանում բիզնես կազմակերպելու դեպքում, կարող են օգտվել Միության ինֆորմացիոն–իրավական, վերլուծական և այլ ռեսուրսներից։ ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշել է, որ Միությունը պատրաստակամ է ցանկացած նոր գործակցության։ Իր հերթին հայկական «ԿԻԼԻԿԻԱ» ակումբի ղեկավար Նվեր Սարգսյանը, շնորհավորելով նոր համագործակցության առիթով, համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում դրա արդյունքը տեսանելի կլինի։ Կողմերը քննարկել են նաև համատեղ միջոցառումների կազմակերպման և երկու կազմակերպությունների անդամների գործարար կոմպլեքս որոշումների հնարավորությունները։
––––––––––––––––––––––––––––––––––––
«ԿԻԼԻԿԻԱ» հայկական գործարար ակումբը ստեղծվել է Մոսկվայում 2014թ. նոյեմբերին և համարվում է հիմնադիրների և միջազգային փոքր ու միջին բիզնեսի համար փոխգործակցության ունիվերսալ հարթակ։ Ակումբի առաքելությունը մասնակիցների և գործընկերների բիզնեսի զարգացումն է։ Նպատակը գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների բազմակողմանի համագործակցությունն է և բիզնես ծրագրերի իրականացումը։