Հայ–եգիպտական կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ հունիսի 2-ին կազմանակերպել էին Հայ–եգիպտական բիզնես ֆորում, որին մասնակցեցին Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։ Կայուն զարգացման եգիպտական խորհրդի գործարարները հայ գործընկերներին ներկայացրեցին քաղաքացիական ավիացիայի, անշարժ գույքի զարգացման և կառավարման, զբոսաշրջության, ներդրումային, նավթի և բնական գազի արտահանման, արդյունաբերական զարգացման և այլ ոլորտներում ձեռք բերած նվաճումները և համագործակցության պատրաստակամությունը։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ տնտեսական կապերը զիջում են բարեկամականին, և չօգտագործվող ներուժը կարող է լրջորեն խթանել համագործակցությանը։ Հայաստանը միաժամանակ կարող է Եգիպտոսի համար դառնալ տնտեսական կամուրջ Մաքսային Միության անդամ երկրների հետ գործակցելու։

Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ողջունեց բիզնեսին առնչվող երեք կազմակերպությունների ուժերի համախմբումը, ինչը կբարձրացնի ցանկացած միջոցառման արդյունավետությունը։ Նա միության պատրաստակամությունը հայտնեց աջակցելու հայ–եգիպտական տնտեսական կապերը զարգացմանն ու ծավալմանը։

Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը շնորհանդեսով ներկայացրեց Հայաստանի գործարար մթնոլորտը և տնտեսության զարգացման ռազմավարությունը։

Գործարարները կլոր սեղանների միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն ստացան, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնց մի մասը հետագայում դառնալու է կոնկրետ ծրագիր։

Leave a reply