
Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցության հեռանկարները
Երևանի Իմպերիալ Փալաս հյուրանոցում հունիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպած Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում, որը երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ հերթական միջոցառումն էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև Թուրքիայից՝ Հրանտ Դինք հիմնադրամի ու Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ծրագրերի ղեկավար Արթուր Ղազարյանի խոսքով՝ որպես առաջնահերթային ուղղություններ ընտրվել են զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, հետագայում նպատակ հետապնդելով ընդլայնել շրջանակները։
Հանդիպմանը մասնակից ընկերությունները ներկայացրին իրենց գործունեության ուղղությունները, մատնանշեցին այն խնդիրներն ու առանձնահատկությունները, որոնց ներկայում բախվում են երկկողմ գործակցության առումով, հնչեցրին բազմաթիվ առաջարկություններ։
Երկուստեք ընդգծվեց, որ կան մեծ հետաքրքրվածություն, զբոսաշրջային զգալի ներուժ և փոխգործակցության լայն հնարավորություններ։ Առկա է փոխադարձ ճանաչելիության խնդիր, գործակցությունն իրականացվում է երրորդ կողմերի միջնորդավորմամբ, զգալի են անբավարար հաղորդակցության, տեղեկատվության պակասի և փակ սահմանների բացասական ազդեցությունը։ Նշվեց, որ թեև ներկայում էլ առկա են զբոսաշրջային որոշակի հոսքեր, երկու կողմերից կան համագործակցող ընկերություններ, բայց զգացվում է համատեղ աշխատանքների համակարգման, հետագա կատարելագործման խնդիր։ Հեռանկարային դիտարկվեց ոչ միայն երկկողմ, այլ նաև դեպի երրորդ երկրներ համատեղ զբոսաշրջային փաթեթների մշակումն ու իրագործումը։
Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի սահմանակից շրջանների զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսաֆիլմեր։
Քննարկման արդյունքում նպատակահարմար համարվեց ստեղծել զբոսաշրջային ներուժը համակարգող համատեղ հարթակ՝ հնչած առաջարկներին առավել գործնական բնույթ հաղորդելու համար, նշվեցին առաջիկա անելիքները։
Հանդիպմանը հաջորդեցին մասնակից ընկերությունների միջև B2B ձևաչափով բանակցությունները։






