
Երվանդ Զորյանը պարգևատրվել է ՀԱԳՄ Ոսկե մեդալով
Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահում հունիսի 5-ին տեղի ունեցավ տոնական հանդիսություն՝ նվիրված դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Զորյանի ծննդյան 70-ամյակին։
Լինելով հաշվողական տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի մասնագետ, Երվանդ Զորյանն անցել է մասնագիտական ու հասարակական գործունեության բեղուն ճանապարհ։ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահն է, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական ու գլխավոր ճարտարագետ, Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահը։ Հանդիսանում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչության փոխնախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնային Հովտի մասնաճյուղի հիմնադիր նախագահ, ԱրմԹեք կոնգրեսի ծրագրային կոմիտեի նախագահ, HyeConnect Foundation-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) հոգաբարձուների խորհրդի անդամ, Բրիտանական Կոլումբիայի համալսարանի դոցենտ։
Ելույթ ունեցողները՝ գործընկերներ, համախոհներ, մտերիմներ, նշեցին Երվանդ Զորյանի մեծ ավանդը ՏՏ ոլորտի զարգացման, գիտակրթական ծրագրերի իրականացման, հայապահպանության, Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։
Շնորհավորելով հոբելյարին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն արժևորեց նրա դերակատարությունը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ընդլայնման գործում, կարևորեց սփյուռքահայ գործարարների մասնակցությունը մայր հայրենիքում իրականացվող նախագծերին, գործարար կարողությունների համատեղումը։
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի, գիտական ու կրթական ոլորտների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական բեղուն գործունեության համար և ծննդյան 70–ամյակի կապակցությամբ՝ Երվանդ Զորյանը պարգևատրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվոգրով և Ոսկե մեդալով։





