Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ

Հայրենակիցնե՛ր,

Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է նոր դժնդակ մարտահրավերի առջև, որն այս անգամ արտահայտվում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ցեղասպանական դրսևորումներով, անմեղ բնակչության սպանություններով, բռնի տեղահանումներով, հայրենազրկմամբ։ Սա մի իրողություն է, որին ժամանակն ու մարդկությունն իր համարժեք գնահատականն ու պատասխանը դեռ կտա։

Պատմությունը դասեր քաղելու համար է։ Իսկ այն մեզ  ապացուցել է, որ հայ ժողովուրդն իր նվիրական նպատակներին հասել է միայն, երբ համախմբված դարձել է մեկ բռունցք ու, որպես մեկ միասնական մարմին, հաղթահարել երբեմն անլուծելի թվացող խնդիրները։

Այսօր կանգնած ենք բազմաթիվ լրջագույն մարտահրավերների առջև՝ անվտանգային խնդիրներ, աշխարհաքաղաքական խորքային գործընթացներ, պատերազմ ու դրա անմարդկային հետևանքներ, քաղաքական խմորումներ և այլն։ Եվ այս համապատկերում առավել օրախնդիր է դառնում իրավիճակի ճիշտ վերլուծությունը, ազգանպաստ նպատակների սահմանումն ու դրանց հետևողական իրականացման համար բոլորիս ջանքերի համախմբումը, հանրության շերտերի ճիշտ դերաբաշխումը, միասնականության ոգու ապահովումը։

Ներկայիս առաջնահերթ հարցերից է հետպատերազմյան Արցախում իրավիճակի կայունացումը, հազարավոր բռնի տեղահանվածներին կացարանով, սնունդով, բուժօգնությամբ ապահովումը, Հայաստան տեղափոխվածների համար կենսական պայմանների և տեղում արագ ինտեգրման կազմակերպումը։

Արցախյան գոյապայքարի տարբեր փուլերում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը միշտ էլ իր ավանդն է ունեցել ամենատարբեր հիմնախնդիրների լուծման գործում  և այսօր էլ իր սատարումն է հայտնում արցախահայ մեր հայրենակիցներին։ ՀԱԳՄ-ն կոչ է անում իր անդամներին, Միությունից դուրս բոլոր հայաստանյան և սփյուռքահայ գործարարներին, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կազմակերպություններին՝ իրենց գործուն մասնակցությունն ունենալ Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքների վերացման, բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների կենսական կարիքների բավարարման  և, որ կարևոր է, նրանց աշխատատեղերով հնարավորինս արագ ապահովման գործընթացին։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը պատրաստակամություն է հայտնում իր կառույցներով, մասնագետներով, միջոցներով ըստ ամենայնի նպաստել հայությանը  պատուհասված վերքերի ապաքինմանը։

Leave a reply