ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) ավագ խորհրդական Պիեռ Վինցենսինին։

Ներկայացնելով ՀԱԳՄ գործունեության հիմնական ուղղությունները՝ Արսեն Ղազարյանը մասնավորապես անդրադարձավ գործարարների շահերի պաշտպանության, օրինաստեղծ գործընթացների, պետություն-մասնավոր երկխոսության ուղղությամբ, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային գործարար կառույցներում Միության կողմից տարվող աշխատանքներին։ Հյուրի խնդրանքով նա հանգամանալի ներկայացրեց ՀԱԳՄ նախաձեռնությամբ ստեղծված տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի գործունեության սկզբունքները, գործադիր իշխանության հետ գործակցության կանոնակարգերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պիեռ Վինցենսինին ներկայացրեց  IOE-ի անցած 100-այմա ուղին, գործունեության առաջնահերթությունները, իրականացվող միջազգային և տարածաշրջանային ծրագրերը։

IOE-ն բիզնեսի միակ ներկայացուցիչն է սոցիալական և զբաղվածության քաղաքականության բանավեճերում, որոնք տեղի են ունենում ԱՄԿ-ում, ՄԱԿ-ում, G20-ում և այլ նշանակալի կառույցներում։ 150 անդամ-կազմակերպությունների անունից կազմակերպությունն իր բազմամյա եզակի փորձառությամբ ձգտում է  նպաստել բիզնեսի և գործատուների համար ամենահրատապ խնդիրների լուծումների որոնմանը:

Նշվեց, որ գործարարներն այսօր բախվում են մեծաթիվ մարտահրավերների՝ կապված հմտությունների զարգացման, աշխատանքային միգրացիայի և բուն բիզնեսի զարգացման  հետ: Այս պարագայում IOE-ն փորձում է լինել գործարարների ազդեցիկ և հավասարակշռված ձայնը՝ զբաղվածության ու սոցիալական քաղաքականության համընդհանուր օրակարգը ձևավորելու և առաջ մղելու գործընթացում:

Կողմերը պայմանավորվեցին հաստատել հետագա սերտ համագործակցություն։ Երկուստեք նպատակահարմար համարվեց քննության առնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ Գործատուների միջազգային կազմակերպությանն անդամակցության հարցը։

Leave a reply