
“ՀԱԳՄ նախաձեռնությամբ ՀՀ կառավարության որոշումների մասին”
ՀՀ կառավարության ս.թ. մարտի 30-ի նիստում ընդունվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից նախաձեռնված որոշումներ, որոնք կարևոր նշանակություն կունենան գործարարների` հատկապես ՓՄՁ-ների գործունեության բարելավման համար: Դրանք են`
1. «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները և նշված գումարների` մինչև 20 միլիոն ՀՀ դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի գումարների միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին»,
2. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
3. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ակցիզային հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին:
Առաջին որոշմամբ նախատեսվում է, որ Հայաստանի հարկային ծառայությունը ոչ մեծ արտահանողներին ավելացված արժեքի հարկը կվերադարձնի արագացված ընթացակարգով` 4 օրվա ընթացքում, նախկին 90 օրվա փոխարեն: Արագացված ընթացակարգով` առանց ստուգումների, կմշակվեն մինչև 20 միլիոն ՀՀ դրամ հայտերը: Արտոնությունը կգործի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների համար (արտահանում, ինչպես նաև հումքի ժամանակավոր ներմուծում վերամշակման և հետագա արտահանման համար): Սակայն բիզնեսը պետք է ունենա հարկային մաքուր պատմություն: Այսպես. եթե հարկայինը պարզի, որ ԱԱՀ-ի վերադարձի նախկին հայտերը չհիմնավորված են 5-15 տոկոսով, ապա պարզեցված վերադարձը կկասեցվի 6 ամսով, 15 տոկոսից ավելի լինելու դեպքում` 1 տարով:
Ամփոփ տեղեկանք
ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում
ընդունված մի շարք որոշումների վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվում Գործարարությանը առարկայական աջակցություն ցուցաբերելու, Հայաստանի տնտեսական վարկանիշային ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Մասնավորապես՝
1. ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում հավանության են արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը: Ակնկալվող փոփոխություններով հարկատուները հնարավորություն են ստանալու հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու համար:
Ներկայումս գործող օրենսդրությամբ՝ այն կարող է հաշվանցվել միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջացող ԱԱՀ-ի գումարների հաշվին և այդ գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն, եթե իհարկե՝ հարկ վճարողը չի իրականացնում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ:
Այսօր դեռևս գործող այս սահմանափակումը ռեալ բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն տնտեսավարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության վրա, այլ նաև բացասաբար է ազդում ՀՀ գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցանիշների վրա և չի նպաստում այդ վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի բարելավմանը:
2. ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում հավանության է արժանացել «ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները և նշված գումարների մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ գումարների միասնական հաշիվ մուտքագրելու ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է, որ 2017 թվականի ընթացքում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ գումարները վերադարձվում են 4 աշխատանքային օրվա ընթացքում (ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն)՝ առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու:
Այս նոր իրավական կարգավորումը էական դրական ազդեցություն կունենա արտահանման խթանման գործում, ինչը առավել քան ողջունելի քայլ է կառավարության կողմից:
3. ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած մեկ այլ որոշմամբ՝ հավանություն է տրվել ՀՀ Հարկային Օրենսգրքում (ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից) փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որով մասնավորապես սահմանվում է, որ՝ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Միաժամանակ, նախագծով սահմանվում է նաև, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի և գործարար ծրագրերի շրջանակներում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարա-վորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը:
Այս նոր իրավական կարգավորումը ևս էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսավարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացման հարցում: