
ՀԱԳՄ-ը COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացնում է բիզնեսի ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում
Հայաստանում հոկտեմբերի 19-30-ը անցկացվող COP17 համաժողովի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող «Կանաչ գոտին» հարթակ է դարձել բնապահպանական նախաձեռնությունների, կայուն զարգացման գաղափարների և պատասխանատու բիզնեսի փորձի ներկայացման համար։
«Կանաչ գոտում» առանձին տաղավարով հանդես է եկել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ ներկայացնելով իր գործունեության հիմնական ուղղությունները, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված իրականացված և ընթացիկ ծրագրերը։
ՀԱԳՄ տաղավարում իրենց նախաձեռնություններն ու գործունեությունն են ներկայացնում նաև Միության անդամ մի շարք ընկերություններ։ Դրանց թվում են «Ապավեն», «ԼԻՔՎՈՐ», «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Նոյան», «Արմենալ», «Նարեկ» ընկերությունները և «ԷկոՎիլ» հոլդինգը։
Հոկտեմբերի 25-ին նախատեսվում է «Հայաստանի բիզնեսը՝ հանուն բնության և կայուն զարգացման» խորագրով համաժողովը, որի առանցքում կլինի կենսաբազմազանության պահպանման գործում բիզնեսի դերի քննարկումը։
Ծրագիրը ներառում է մասնավոր հատվածի կողմից կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լուծումների, գյուղատնտեսության և սննդի արտադրության, վերականգնվող էներգետիկայի, էներգիայի կուտակման և կանաչ անցման գործում բիզնեսի դերի վերաբերյալ քննարկումներ։ Կներկայացվի նաև «ՀԱԳՄ՝ կանաչ անցման համար» ծրագիրը, ինչպես նաև տեղի կունենա Հայաստանի, Դանիայի, Մոլդովայի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ դիրքորոշման փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը։
Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև վերականգնվող էներգետիկային, էներգիայի կուտակմանը և կայուն բիզնեսին նվիրված պանելային քննարկում՝ ընդգծելով կանաչ անցման առաջմղման գործում համագործակցության և նորարարության կարևորությունը։
Նախաձեռնության նպատակն է ընդգծել, որ կենսաբազմազանության պահպանությունը միայն բնապահպանական կառույցների պատասխանատվությունը չէ․ դրանում կարևոր դեր ունի նաև մասնավոր հատվածը՝ իր ներդրումներով, արտադրական և գործարար մոտեցումներով ու երկարաժամկետ կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններով։
COP17-ի շրջանակում ՀԱԳՄ-ի և անդամ ընկերությունների մասնակցությունը հնարավորություն է ստեղծում մեկ հարթակում ներկայացնելու բիզնեսի բնապահպանական օրակարգը, բարձրացնելու ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և խթանելու բնության պահպանությանն ուղղված գործարար նախաձեռնությունները։











