
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն նշեց Հայաստանում գործունեության 30-ամյակը
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն սեպտեմբերի 24-ին Երևանում կայացած հոբելյանական միջոցառմամբ նշեց Հայաստանում գործունեության 30-ամյակը։
Ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 1996 թվականին՝ դառնալով երկրում ներդրումներ կատարած առաջին բազմազգ ընկերություններից մեկը։ Երեք տասնամյակների ընթացքում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» գործունեություն է ծավալել մի շարք ուղղություններով՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, տեղական մատակարարների զարգացմանը, մասնագիտական ներուժի ձևավորմանն ու համայնքային նախաձեռնությունների իրականացմանը։
Steward Redqueen ընկերության կողմից 2025 թվականին իրականացված տնտեսական ազդեցության հետազոտության համաձայն՝ Հայաստանում Coca-Cola համակարգի գործունեությունը երկրի ՀՆԱ-ին ապահովել է շուրջ 111,4 մլն եվրոյի ներդրում։ Համակարգի գործունեությունը նպաստել է մոտ 3 800 ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը, իսկ տեղական մատակարարներից կատարված գնումների ծավալը կազմել է շուրջ 22 մլն եվրո։
«Կոկա-Կոլա ՀԲՔ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչի խոսքով՝ 30 տարի առաջ Հայաստան մուտք գործելու որոշումն արտացոլել է երկրի ներուժի նկատմամբ ընկերության վստահությունը։ «Երբ 30 տարի առաջ «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն մուտք գործեց Հայաստան, մենք երկրում ներդրումներ կատարող առաջին բազմազգ ընկերություններից էինք։ Այդ որոշումն արտացոլում էր մեր հավատը Հայաստանի ներուժի նկատմամբ, և այսօր մեր վստահությունը Հայաստանի հանդեպ առավել ամուր է, քան երբևէ»,– նշեց Զորան Բոգդանովիչը։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի գնահատմամբ՝ հոբելյանը նախևառաջ հայաստանյան թիմի ձեռքբերումն է։
«Ամեն օր մեր թիմը հպարտությամբ և պատասխանատվությամբ աշխատում է՝ Հայաստանով մեկ մեր հաճախորդներին սպասարկելու ու մեզ շրջապատող համայնքների վստահությունը վաստակելու համար»,–ասաց Արթուր Սահակյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը երախտապարտ է աշխատակիցներին, հաճախորդներին, գործընկերներին և համայնքներին՝ համագործակցության և աջակցության համար։
Հոբելյանի կապակցությամբ ընկերությանը շնորհավորեց և հետագա արդյունավետ գործունեություն մաղթեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նա «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը պարգևատրեց ՀԱԳՄ պատվոգրով ու Ոսկե մեդալով՝ Հայաստանի տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման, արտադրական ու մաքետինգային նոր տեխնոլոգիաների ներդրման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև գործունեության 30-ամյակի կապակցությամբ։



