Լիտվացի գործարարները հետաքրքրված են Հաաստանի հետ տնտեսական համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվացի գործարարների խումբը Երևանում մասնակցում է հայ-լիտվական երրորդ գործարար ֆորումին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ գործարարները ներկայացնում են Եվրամիության արևելյան գործընկերության և ներդրումային ասոցիացիան, որը համագործակցության հնարավորություններ է ստեղծում կովկասյան երկրների և Եվրամիության անդամ պետությունների միջև:

Ասոցիացիայի նախագահ Յուրիուս Ռոձևիչուսի խոսքով’ հայ-լիտվական համագործակցությունը կարևոր է ոչ միայն երկու երկրիների հարաբերությունների տեսանկյունից, այլև ԵՄ-ԵԱՏՄ փոխգործակցության առումով: «Մեզ համար հեռանկարային է Հայաստանի միջոցով Իրանի և Եվրասիական տնտեսական միության հետ կապերի ստեղծումը: Բացի այդ, սա լավ առիթ է նոր գործընկերներ գտնելու և փորձի փոխանակման համար: Հայաստանն ու Լիտվան նման պետություններ են, երկուսն էլ ունեն փոքր տնտեսություններ և կախված են արտահանումից, դրա համար մեր երկրների համագործակցությունը կարևոր է»,- ասաց Ռոձևիչուսը: Նրա խոսքով’ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է ծավալվել տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը լիտվացի գործարարներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները’ ընդգծելով, որ երկու երկրները համագործակցելու չօգտագործված հնարավորություններ ունեն: «Լիտվայի հետ մեր առևտրաշրջանառությունն այդքան էլ մեծ չէ, սակայն դինամիկան դրական է: Կարծում եմ, կարելի է գտնել համագործակցության հետաքրքիր ձևաչափեր և ավելացնել ապրանքաշրջանառության ծավալը: Լիտվացի գործարարներին արդեն ներկայացրել ենք Հայաստանի ազատ տնտեսական գոտիները և դրանցում աշխատելու հնարավորությունները: Կարծում եմ, բիզնես հանդիպումներից հետո արդեն կոնկրետ արդյունքներ կունենանք»,- ասաց փոխնախարարը:

Հայաստան ժամանած գործարարները ներկայացնում են գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, շինարարության, տրանսպորտային և ինքնաթիռների սպասարկման և այլ ոլորտներ: Հայաստան-Լիտվա գործարար համաժողով անցկացվել էր նաև ս. թ. մարտի 23-25-ը Երևանում:

Leave a reply