Հայաստան-Չեխիա գործարար հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

Հունիսի 1-3-ը կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում հայ գործարարների պատվիրակությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ հունիսի 2-ին մասնակցել է Պրահայում կայացած գործարար համաժողովին:

Հայաստանից մասնակցել է 50-ից ավելի գործարար՝ բեռնափոխադրող, շինարարական, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող, թեթև արդյունաբերության, խորհրդատվական, ազատ տնտեսական գոտիների, շոկոլադ և չրեր արտադրող, կոնյակի արտադրության, ոկեգործության և այլ ընկերություններից:

Չեխիայի գործարար համայնքը համաժողովին ներկայացնում էր շուրջ 100 գործարար: Բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ և ՉՀ վարչապետները, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարը, ինչպես նաև ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և Չեխիայի արդյունաբերության միության նախագահ Յարոսլավ Գանակը:

«Այսօր Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառության թվերը համեստ են, սակայն, ինչպես նշեցին երկու երկրների վարչապետները, կա քաղաքական կամք և համապատասխան ներուժ խորացնելու և ընդլայնելու հայ-չեխական տնտեսական հարաբերությունները:

այաստան-Չեխիա գործարար համաժողովը լավ հարթակ է առկա ներուժն ուսումնասիրելու, համագործակցության նոր եզրեր գտնելու, ինչպես նաև գերազանց հնարավորություն է երկուստեք փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բելերու համար»,- իր խոսքում նշել է Արսեն Ղազարյանը: ՀԱԳՄ նախագահը համաժողովի մասնակիցներին ակտիվ և կառուցողական աշխատանքի կոչ է արել և մաղթել հաջողություն:

Համաժողովի ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը չեխ գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը: Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորություններն ու առավելությունները ներկայացրել է «Մերիդիան» ոսկերչական ԱՏԳ ծրագրերի ղեկավար Նիկա Մանուկովան:
Համաժողովին հաջորդել են գործարարների բիթուբի ձևաչափով հանդիպումները, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ:

Leave a reply