Գործարարի օր

ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ին կայացած նիստում որոշեց հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ այսուհետ պաշտոնապես նշել որպես «Գործարարի օր»: Հանրապետության վարչապետի և կառավարության այս քայլը գործարարի նկատմամբ ոչ միայն ջերմության ու երախտագիտության, այլ նաև նրանց առավել զորակցելու և մշտապես նեցուկ լինելու պատրաստակամության արտահայտություն է:

Այդ առիթով մարտի 3-ին կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ հուշադրոշմանիշի շնորհանդես և մարման արարողություն, որի մասնակցեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոտ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Քեչիջյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլոք:

Նույն կենտրոնում բացվեց «Մանթաշյանցի ժամանակը, հայ գործարար կյանքը 19-20-րդ դարերում» ժամանակավոր ցուցադրությունը:

Մանթաշյանցի արձանի մոտ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ առաջին անգամ պաշտոնապես նշվեց «Գործարարի օրը»:

«Թեև նախորդ տարիներին Միության նախաձեռնությամբ արդեն ավանդույթ էր դարձել գործարարի մեծարման ու Մանթաշյանցի ծննդյան օրը նշելը, բայց առաջին անգամ պաշտոնապես գործարարի օրը նշելը՝ հատկապես Մանթաշյանցի ծննդյան օրը, հիշարժան երևույթ է և երախտիքի տուրք մեծագույն հայի հիշատակին», — լրագրողների հետ զրույցում կարևորեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Սուրբ Աննա եկեղեցում կատարվեց հոգևոր արարողություն օրվա խորհրդի կապակցությամբ:

Leave a reply