Աշխատանքային քննարկում արտադրական ընկերությունների մասնակցությամբ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի նախաձեռնությամբ հուլիսի 22-ին  «Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan»  հյուրանոցում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցելու հրավիրվել էին Միության անդամ կազմակերպություններ, խոշոր արտադրական ընկերություններ։ Օրակարգում QR դրոշմապիտակների կիրառվող նոր կարգին առնչվող խնդիրների և Հարկային օրենսգրքի առաջիկա  փոփոխությունների հետ կապված գործարար շրջանակների դիրքորոշումներն էին։

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի ներկայացմամբ՝ QR դրոշմապիտակների կիրառվող նոր կարգը և դրանից բխող խնդիրները քանիցս քննարկվել են Միության տարբեր հարթակներում, առանձնացվել են առավել խնդրահարույց կարգավորումները, դրանք ներկայացվել պետական պատկան մարմիններին։ Ներկայում էլ առկա են խնդիրներ, որոնք վերանայման ու լուծումներ ստանալու կարիք ունեն։ Դրանք մասնավորապես վերաբերում են մեկ ընկերության կողմից մենաշնորհային կարգով իրականացվող ծառայությանը, վերջինիս գնագոյացմանը, առևտրային գաղտնիքի պաշտպանությանը, այն լրացուցիչ ծախսերին, որոնք ընկերությունները  ստպված են լինում կատարել։

Մասնակիցներն անդրադարձան գործընթացի ավտոմատացման հետ կապված դժվարություններին, որոշակի չափորոշիչների բացակայությանը, սպասարկող ծառայությունների պատշաճ լիցենզավորման անհրաժեշտությանը, գնային քաղաքականությանը։

Օրակարգային հարցերի հանգամանալի քննարկումների արդյունքում ընկերությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին ի մի բերել հնչեցված խնդիրները, լուծումներն ու հաղթահարման եղանակները և դրանք միասնական փաթեթով ներկայացնել գործադիրին։

Leave a reply