ՀԱԳՄ–ի աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել 108 բռնի տեղահանվածի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) աջակցությամբ` 2025 թվականի փետրվարից մինչև օգոստոս Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել 108 բռնի տեղահանված անձի։

Տրամադրված խորհրդատվությունները ներառել են խնդիրների լայն շրջանակ, որոնք առնչվել են սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու իրավական հնարավորություններին, փաստաթղթերի վերականգնման ընթացակարգերին, բնակապահովման և աջակցության պետական ծրագրերին, իրավաբանական փաստի հաստատմանը, քաղաքացիություն ընդունելու գործընթացին, վարկային պարտավորություններին, ժառանգության հարցերին, կենսաթոշակների նշանակմանն ու աշխատանքային ստաժի հաշվարկին, մի շարք այլ հարցերի։

Վերջին ամիսներին արձանագրվել է նաև իրավաբանական հարցերի աճ՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման կարգավորումների և հայտերի լրացման հետ։ Իրականացված աշխատանքների արդյունքները փաստում են, որ բռնի տեղահանված անձինք շարունակ բախվում են թե՛ անհատական, թե՛ համակարգային իրավական խնդիրների։

Իրավաբանական աջակցությունը տրամադրվում է տարբեր ձևաչափերով՝ համայնքային այցերի միջոցով՝ քաղաքացիներին հնարավորինս մոտ գտնվելու նպատակով, գրասենյակային ընդունելության ճանապարհով՝ շահառուները կարող են այցելել ԻՀԱ գրասենյակ և ներկայացնել իրենց խնդիրները, ցանկացած վայրից՝ առցանց՝ armrights.am հարթակի միջոցով ներկայացնելով իրենց հարցը։

Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ոչ միայն լուծել իրենց առանձին իրավական խնդիրները, այլև դառնալ ավելի իրազեկ իրենց իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ, ինչն իր հերթին նպաստում է նրանց կարողությունների և վստահության բարձրացմանը՝ իրավունքի պաշտպանության գործընթացում։

ԻՀԱ-ի իրավաբաններն իրականացնում են անհատական խորհրդատվություն՝ յուրաքանչյուր շահառուի խնդրին հասցեական արձագանքելու նպատակով։ Ըստ անհրաժեշտության իրավաբանները կազմում են պաշտոնական գրություններ՝ ուղղված իրավասու պետական մարմիններին՝ նպաստելով քաղաքացիների իրավունքների վերականգնմանը։ Խորհրդատվության ընթացքում շահառուներին ներկայացվում են նաև իրենց խնդրի կարգավորման համար անհրաժեշտ գործողությունների հաջորդական քայլերը։

«Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում հրապարակվել է 24 տեսանյութ, որում բռնի տեղահանված անձինք կիսվում են իրենց պատմություններով՝ ներկայացնելով այն իրավական խնդիրները, որոնց բախվել են Հայաստանում։ Տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումով՝ https://armrights.am/am/news։

Միևնույն ժամանակ, վեր են հանվել խնդիրներ, որոնք ունեն համակարգային բնույթ։ Դրանց վերաբերյալ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ այդ հարցերն իրավական հիմնավորմամբ ներկայացնելու համար իրավասու մարմիններին՝ նպատակ ունենալով նպաստել ոչ միայն առանձին դեպքերի, այլև համակարգային խնդիրների լուծմանը։

«Արցախահայերի իրավունքների պաշտպանություն»–ը հերթականն է այն ծրագրերից, որոնք ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրականացվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ղեկավարած կազմակերպության ցուցաբերած ֆինանսական աջակցությամբ։ Սոցիալապես խոցելի խմբերի համար իրավական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունն ապահովող այս ծրագրի իրականացման համար հատկացվել է 2 միլիոն ՀՀ դրամ։

Leave a reply