
Հանդիսավորությամբ նշվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության 20 ամյակը
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 9-ին հանդիսավորությամբ նշվեց «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակը։
«Սինոփսիս»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004 թվականից՝ որպես «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ: Այդ ժամանակվանից սկսած` «Սինոփսիս Արմենիա»-ն դարձել է «Սինոփսիս» ընկերության կարևորագույն մասնաճյուղերից մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով, արտադրության համար նախագծման, կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի հետ:
«20 տարի առաջ սկսել ենք 45 աշխատակցով, իսկ այսօր մենք ունենք 1300 աշխատակից, սկսել ենք մեկ կենտրոնով, իսկ այսօր ունենք երեքը: Այս տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ է կրել նաև մեր աշխատանքի որակը: Ուրախ եմ նշել, որ հինգ տարի առաջ ընկերության 15 ամյակին ես ասացի, որ ցանկություն ունենք կենտրոն ստեղծելու Գյումրիում, և այսօր այն արդեն գործում է»,– իր խոսքում նշեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը: Նա հավաստիացրեց, որ ձեռքբերումներով չեն սահմանափակվելու և քայլելու են ժամանակին համընթաց՝ զարգացնելով ընկերության հնարավորությունները:
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում անցել են և՛ դժվարությունների, և՛ մարտահրավերների միջով, բայց առավել շատ հաջողություններ ու մեծագույն նվաճումներ են գրանցել:
«Հպարտ եմ «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցներով, քանի որ շատերը, ունենալով արտերկրում աշխատանք գտնելու լայն հնարավորություններ, աշխատում, արարում և ստեղծում են հայրենիքում: Մեր աշխատակիցներն այս տարիների ընթացքում ստեղծել են նաև մոտ 15 հազար նոր աշխատատեղ՝ հանրապետության սպասարկման ոլորտում: Իհարկե, մեր հաջողությունը լիարժեք չէր լինի առանց մեր գործընկերների՝ համալսարանների, միջազգային կառույցների, միությունների, և՛ այսօրվա, և՛ նախկին ղեկավարների»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:
Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվեցին ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի կառավարության, կրթական համակարգի և գործարար ու հասարակական կազմակերպությունների հետ։
Միջոցառման ընթացքում անցկացվեց «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությունը։ Այս տարի 20-րդ անգամ ամենամյա կրթական պարգևների արժանացան «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ: Մրցանակները հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցանկացած գործի ամենակարևոր արդյունքն այն ժառանգությունն է, որը պետք է ձևավորվի դրանից հետո. «Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ: Եվ այսօրվա մրցանակաբաշխությունը, թերևս, հենց դա է նշանակում»:
«20 տարիներն անցան արագ, համատեղ աշխատանքի, գերազանց արդյունքների ձեռքբերման, յուրօրինակ մշակույթ ձևավորելու մթնոլորտում։ Մենք գործընկերային կառույց ենք եղել «Սինոփսիս Արմենիա»-ի հետ և հիրավի կիսում ենք այն հպարտության զգացումը, որ կա այդ ապրանքանիշի հասկացության տակ»,– «Սինոփսիս Արմենիա»–ի գործընկեր կազմակերպությունների անունից շնորհավորելով ընկերությանը, նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի, նոր աշխատատեղերի ստեղծման և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ–ի 20 ամյակի կապակցությամբ Արսեն Ղազարյանն ընկերության տնօրեն, Միության նախագահության անդամ Հովիկ Մուսայելյանին պարգևատրեց ՀԱԳՄ պատվոգրով և ոսկե մեդալով։





