Հայ-էստոնական գործարար համաժողով ՀԱԳՄ-ում

Էստոնիայի գործարարների պատվիրակության՝ Հայաստան կատարած առաքելության շրջանակներում սեպտեմբերի 10-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ հայ-էստոնական գործարար համաժողով։

Ողջունելով հյուրերին և հաջողություն մաղթելով համաժողովի աշխատանքներին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ հայ-էստոնական կապերն ունեն ինչպես պատմական ու մշակութային, այնպես էլ տնտեսական ավանդույթներ։ Նրա խոսքով՝ հետխորհրդային ժամանակաշրջանում երկկողմ տնտեսական կապերը հեռու են բավարար լինելուց, և հարկ է ձեռնարկել քայլեր՝ ստեղծված բացը լրացնելու համար։ Լինելով հետխորհրդային երկիր, Էստոնիային կարճ ժամանակում հաջողվել է դառնալ Եվրամիության անդամ, արձանագրել տնտեսական էական աճ, ձևավորել թվային կառավորում և հասարակություն։ Այս առումով Էստոնայի փորձն ուղենիշային կարող է լինել  Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Նա հույս հայտնեց, որ Էստոնիայի գործարար շրջանակների՝ Հայաստան կատարած ներկա առաքելությունը և համաժողովն  իրենց նպաստը կունենան երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ոլորտում։ 

Երկկողմ տնտեսական կապերի հետագա խորացման կարևորությունն իր հերթին ընդգծեց  Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի Իյիխվյան ներկայացուցչության ղեկավար Մարգուս Իլմյարվը։ Նրա խոսքով՝ Հայաստան կատարած իրենց առաքելության նպատակը տեղում գործընկերներ գտնելն է։ Ըստ Մարգուս Իլմյարվի, թեև ԵՄ շուկան մեծ է, և Էստոնիան սերտորեն ինտեգրված է, սակայն այդտեղ մեծ է նաև մրցակցությունը, ինչը մղում է նոր շուկաներ որոնելու, նոր գործարար կապեր հաստատելու։ Նա էստոնացի գործարարների անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ գործընկերներին  եվրոպական շուկա մուտք գործելու գործընթացում, կիսվելու իրենց փորձառությամբ։

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին Հայաստանում Էստոնիայի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Փալսը և ՀՀ-ում ԷՀ պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը։ Փիթեր Փալսի գնահատմամբ՝ լավ նախադրյալներ կան զարգացնելու երկկողմ հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու մշակութային ասպարեզներում, միասնական դիրքորոշումներ ունենալ միջազգային հարթակներում։ Ավետիք Ղուկասյանի խոսքով՝ Էստոնիայի տնտեսական թռիչքը օրինակելի ուղենիշ է, որից մենք կարող ենք անհրաժեշտ դասեր քաղել։

«Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումների առաջմղման և արտաքին կապերի մենեջեր Սոնա Միքայելյանը ներկայացրեց Հայաստանի ընդհանուր տնտեսական նկարագիրը, ներդրումային հնարավորությունները, անդրադարձավ գործող իրավական դաշտին, հաղորդակցային հնարավորություններին, միջազգային կապերին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։

Համաժողովի մասնակիցները երկուստեք ներկայացրին իրենց ընկերությունների գործունեությունը, այն ակնկալիքները, որոնք ունեն ներկա համաժողովից և հանդիպումներից։ Որպես երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղություններ նշվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլոտները։ 

Համաժողովին հաջորդեցին գործարարների երկկողմ անհատական բանակցությունները, այցեր ընկերություններ։

Leave a reply