Ուսումնաաշխատանքային հանդիպում Պորտուգալիայում

Ապրլի 1-2-ը Պորտուգալիայի Բրագա քաղաքում «HEN-GEAR» ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ կազմակերպությունների միջև անցկացվեց ուսումնաաշխատանքային հանդիպում:

Կոնսորցիումը Եվրոպական միության «HEN-GEAR» «Տեմպուս» ծրագրի շրջանակներում համագործակցում է ՀՀ մի շարք համալսարանների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ:

Բրագայում հանդիպումը համախմբել էր մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացնում էին Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և արտաքին կապերի գծով մասնագետ Արմեն Մելքոնյանը:

Ուսումնաաշխատանքային երկօրյա հանդիպման ընթացքում զեկույց-պրեզենտացիաներով հանդես եկող բանախոսները ներկաների հետ կիսվեցին շրջանավարտների տվյալների բազայի կառավարմանն առնչվող սեփական փորձով: Քննարկումների ընթացքում խոսվեց «HEN-GEAR» ծրագրի տվյալների կառավարման, անհատական տվյալների պաշտպանության, ինչպես նաև հետագա անելիքների ու գործունեությանն առնչվող թեմաների մասին:

Հակիրճ ներկայացնելով ՀԱԳՄ գործունեությունը՝ Միության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը ելույթ ունեցավ «Ստեղծելով փոխհամագործակցային կապեր բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀԱԳ Միության միջև՝ որակյալ կադրերի պատրաստման համար» թեմայով:

Հիշեցնենք, որ «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» անունը կրող սույն ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա, որը թույլ կտա հեշտացնելու աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը՝ ապահովելով կրթության և զբաղվածության միջև առավելագույն համապատասխանություն, բարելավելու բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը:

Նախագծում ՀԱԳ միության հիմնական գործառույթն է աջակցել կրթական համակարգի ու գործարար հատվածի միջև կապերի ստեղծմանը և աշխատանքի տեղավորման համակարգի ձևավորմանը, ստեղծվելիք տվյալների բազայի հիման վրա նպաստել աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորման գործընթացի հեշտացմանը՝ տրամադրելով աշխատանքի/պրակտիկայի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Leave a reply