
«Շուկայի դիվերսիֆիկացիան մշտական գերխնդիր է, որպեսզի տնտեսությունը զերծ մնա տարբեր ցնցումներից»․ԱրսենՂազարյան
«Շուկայի դիվերսիֆիկացիան մշտական գերխնդիր է, որպեսզի տնտեսությունը զերծ մնա տարբեր ցնցումներից,–նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ Առաջին ալիքի «Լուրեր» հաղորդմանը տված հարցազրուցում։
–Փորձում ենք անել ամեն ինչ, որ մեր արտադրողները, պոտենցյալ արտահանողները նաև եվրոպական շուկա դուրս գան»։ Դրա համար, ըստ ՀԱԳՄ նախագահի՝ առաջին հերթին պետք է ապահովել որակի տեխնիկական չափանիշերը։ Վերջինիս համար հարկավոր է, որ Հայաստանում ունենանք ստանդրտները վերահսկող լաբորատորիաներ թե՛ պետական վերահսկողությամբ, թե՛ մասնավոր։ Լաբորատորիաների առկայության պարագայում ապրանքը շատ արագ կենթարկվի փորձաքննության և ստանալով հավաստագիր՝ առանց լրացուցիչ ստուգման կհայտնվի եվրոպական շուկայում։ «Այսօր էլ որոշ ընկերություններ Եվրոպա արտահանում իրականացնում են։ Ուղղակի դա մի փոքր ավելի աշխատատար է, իսկ փորձաքննությունները նախապես Եվրոպայում անելը բացասաբար է անդրադառնում ինքնարժեքի վրա»,–նշում է Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ստանդարտների պահպանումը Հայաստանում առաջին հերթին պետք է սկսել լաբորատորիաների ձևավորմամբ և միջազգային ճանաչված կառույցների ներգրավմամբ, որոնք հենց տեղում կիրականացնեն սերտիֆիկացիա։
ՀԱԳՄ նախագահն ընդծում է կարևոր մի հանգամանք՝ արդյոք մեր շուկան պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ։ «Շատերն ավանդաբար սովորել են ԵԱՏՄ շուկայի հետ աշխատել՝ հաշվի առնելով նաև բիզնես վարելու ծանոթ կանոնները, լեզուն։ Պետք է կամաց–կամաց մոռանանք, որ ծանոթով, կոռուպցիոն տարրերով ռուսական շուկայում հնարավոր է անորակ ապրանք վաճառել։ Դա հեռանկար չէ»,–համոզմունք է հայտնել Արսեն Ղազարյանը։ Ըստ նրա՝ պետք է այդ նպատակային ներդրումներն անել, իսկ, պետությունը, ինչպես բիզնեսի զարգացման տարբեր նախագծերի է աջակցում, այս դեպքում ևս նման ծրագրեր իրականացնող ընկերությունների վարկերը կսուբսիդավորի կամ որոշակի դրամաշնորհային գումարներ կհատկացնի։ Առաջին հերթին բիզնեսը պետք է սթափվի, ճիշտ պլանավորում անի, և մտածի, որ առանց դիվերսիֆիկացիայի վտանգները դամոկլայն սրի պես կախված են լինելու։ Իսկ շուկաների ընդլայնման համար հարկավոր է ունենալ որակով արտադրանք ցանկացած տիպի՝ հագուստից մինչև մթերք։
«Մրցունակությունն այսօր գերխնդիր է, որովհետև աշխարհը գնալով գերհագենում է։ Նույնիսկ հարևան շուկաներն են գերհագենում և քեզ դուրս կմղեն, եթե դու գնով, որակով ու քանակային երաշխավորությամբ չկարողանաս ապահովել համապատասխան շուկայի սպառողականությունը։ Եթե ուզում ենք տնտեսությունն ունենա ապագա, անհարժեշտ է որակ երաշխավորել»,–ասում է Արսեն Ղազարյանը։ Նա վստահ է, որ որակյալ ապրանքը միշտ էլ կարելի է արտահանել աշխարհի տարբեր հատվածներ։ «Ովքեր որակ չունեն՝ մի փոքր ցնցման դեպքում Լարսում կանգնացնում են՝ զննություն անելու։ Եվ արդյունքում պարզվում է, որ ուղարկած խմիչքների մեջ զգալի են կեղծերը՝ կոնյակ, որի մեջ խաղողի սպիրտ չկա, գինի, որի մեջ գինենյութի բաղադրությունը պիտակի հետ չի համապատասխանում։ Այսինքն՝ որակը գերխնդիր է։ Մենք պետք է վերջապես սովորենք որակի մասին խոսել։ Որակի՝ նաև ներքին շուկայի համար»,–նշում է ՀԱԳՄ նախագահը։
Ըստ Արսեն Ղազարյանի՝ դիվերսիֆիկացիայի համար պետք է աշխատել ոչ միայն եվրոպական, այլև ասիական, արաբական և այլ շուկաների հետ։