ՀԱԳՄ-ում հյուրընկալվեցին Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցիչները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 17-ին հյուրընկալվեցին Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի ավագ խորհրդական Օլե Կրոգսգարդը և առաջատար ավագ խորհրդական Պիտեր Հելքը։

Ներկայացնելով իրենց կառույցը՝ հյուրերը նշեցին, որ այն Դանիայի գործատուների ամենամեծ կազմակերպությունն է, որը ներառում է շուրջ 20 000 ընկերություններ ամենատարբեր ոլորտներից: Ի թիվս տարբեր գործառույթների՝ Ասոցիացիան նաև համագործակցում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործատուների ու գործարարների շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ: Կառույցը Դանիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումի անդամ է, որը ստեղծվել է «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» կողմից՝ Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Անդրադառնալով Ասոցիացիայի տարածաշրջանային ծրագրերին՝ Օլե Կրոգսգարդը նշեց, որ Հայաստան իրենց այցի նպատակն է ծանոթանալ տեղի գործարար միջավայրին, մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, նպաստել գործարար ոլորտի տեղեկտվության, փորձի ու կարողությունների փոխանակմանը։

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը դանիացի գործընկերներին հանգամանալի ներկյացրին Միության կառուցվածքն ու գործունեության ուղղությունները, միջազգային կառույցների հետ համագործակցության փորձը, հետապնդած առաջնային նպատակները։

Երկուստեք հետագա համագործակցության պատրաստակամություն հայտվեց։

Leave a reply