
Ներկայացվեց Հայկ Դեմոյանի «Թիֆլիս․ հայկական ժառանգության նկարազարդ պատմություն» գիրքը
Լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Թիֆլիս․ հայկական ժառանգության նկարազարդ պատմություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 6–ին՝ Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում։
Թբիլիսիի Ներսիսյան դպրոցի 200 ամյակին նվիված 864 էջանոց գրքի տասներեք բաժիններում հեղինակը ներկայացրել է հայերի ունեցած հարուստ ներդրումը Վրաստանի մայրաքաղաղաքի պատմական զարգացման տարբեր փուլերում, կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ գործարարություն, ճարտարապետություն, մշակույթ, կրթություն, հանրային կյանք և այլն։
«Թբիլիսյան կամ թիֆլիսյան միկրոքաղաքակրթությունն այն հազարավոր ու միլիոնավոր տեսանելի և ոչ տեսանելի թելերն են, որոնք կապում են մարդկանց և ճակատագրեր։ Յուրաքանչյուր հայի համար «Թիֆլիս» բառը հնչում և արձագանքվում է առանձնահատուկ ջերմությամբ՝ կապված անձնական, ընտանեկան կամ հայկական մշակութային ժառանգության պատմության հետ։ Թիֆլիսը հարմարավետ բույն էր արևելահայ մտավորականության և էլիտայի համար։ Այստեղ էին հավաքվում նաև հայ դերասաններ, գրականագետներ, նկարիչներ և ուսուցիչներ Կոնստանդինոպոլիսից ու Արևմտյան Հայատանից՝ քաղաքը դարձնելով անհավանական ձուլարան, որտեղ ծնվում էին համազգային նշանակության համատեղ գաղափարներ ու ծրագրեր։ Թիֆլիսյան յուրահատուկ մշակույթը դարձել է հայկական ընտանեկան և հասարակական մշակույթի մի մասը»,– նշել է հեղինակն առաջաբանի իր խոսքում։
«Թբիլիսին ինչ–որ առումով ֆենոմենալ է՝ շնորհիվ հայ–վրացական փոխգործակցության կենդանի հուշարձանի իր ինքնատիպությամբ, մի հարթակի, որտեղ սովորական հարևանությունը վերածվում էր ընկերության և բարեկամության,–իր խոսքում նշել է գրքի հովանավոր, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։–Այստեղ մարդկային համագործակցության և փոխօգնության սահմաններ չեն եղել, և «օտար» հասկացության բացակայությունը բոլոր թիֆլիսցիներին դարձնում էր մեկ միասնականություն, մեկ համայնք»։
Նա հույս է հայտնել, որ այս գիրքը կդառնա հայ–վրացական փոխգործակցության և փոխազդեցության յուրահատուկ անձնագիր, փոքրիկ, բայց շոշափելի աղյուս՝ հայերի և վրացիների բազմադարյա համագործակցության պատի մեջ, նրանց ճակատագրերի և մշակույթների ընդհանրության հիմնարար ապացույց։
Գրականագետ Անի Եղիազարյանի գնահատմամբ՝ գրքի հեղինակն իրականացրել է մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։ Գիրքն արժեքավոր է նրանով, որ խորը հետազոտական աշխատանք է՝ իր աղբյուրագիտական հարուստ նյութերով։ Ըստ նրա՝ գրքում ժամանակային ընդգրկումը և բովանդակային շերտերը տարածվածությամբ այնքան խորն են, ծավալուն ու ինֆորմատիվ, որ այն ոչ թե ընթերցելու, այլ հետազոտելու գործ է։ Գրականագետի համոզմամբ՝ հրատարակված աշխատանքը բազմաթիվ նոր գիտական հետազոտությունների ծնունդ կարող է տալ։
Բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պատվավոր քաղաքացի Մարկ Գրիգորյանի խոսքով՝ հեղինակը հսկայական աշխատանք է կատարել՝ հարուստ նյութերով ու ճիշտ համատեքստով ներկայացնելով Թիֆլիսն ու քաղաքի զարգացումը։ «Հսկայական աշխատանք է տարված։ Սա արագ ընթերցելու գիրք չէ։ Սա դանդաղ հետազոտելու հետաքրքիր աշխատություն է»,–նշեց բանախոսը։
Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ–կիրառական արվեստի բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուքասզյանի բնորոշմամբ՝ ականատեսն ենք հայագիտության համար աննկարագրելի մի գանձի ծնունդի։ Գրքում զետեղված են ոչ միայն պատմական անցքերի, իրադարձությունների մասին տեղեկություններ, այլև, թվում է, թե քաջածանոթ թեմաներում Դեմոյանին հաջողվել է զետեղել այնպիսի մանրամասներ, որոնք մինչ այս անհայտ էին և նոր լույսի ներքո են ներկայացվում։ «Թվում է, թե Թիֆլիսի մասին մենք բավականաչափ գիտենք, մոտ է, հասանելի, հնարավորություն ենք ունեցել նաև տարբեր գիտնականների շնորհիվ բացահայտել այս ամենը, բայց Հայկ Դեմոյանի գիրքը գալիս է լրացնելու, նոր լույսի ներքո ու ամբողջական ի ցույց դնելու այն ահռելի ժառանգությունը, այն գեղագիտական ճաշակը, որ ստեղծել և ունեցել են հայերը»,–նշեց Սաթենիկ Չուքասզյանը։
Հայկ Դեմոյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց գրքի ստեղծման բարդ ու աշխատատար գործընթացը, յուրաքանչյուր գլխից բերված պատմություններով մատուցեց այն մթնոլորտն ու ժառանգությունը, որոնցում գործել ու իրենց հետքն են թողել հայ գործիչները։ Նա շնորհակալական խոսք հղեց բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում աջակցել են իրեն գրքի նյութերն ու փաստերն ամբողջացնելու ուղղությամբ՝ գիտնականներ, գործընկերներ, մասնավոր հավաքածուների տերեր, հայաստանյան և արտերկրի թանգարանների աշխատակիցներ։ Հեղինակն առանձնակի երախտիք հայտնեց գրքի հովանավոր, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանին, ինչպես նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին՝ հրատարակչական գործի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար։













