Միջազգային ֆորում ԵԱՏՄ ազգային արժույթների թեմայով

Փետրվարի 7-ին մայրաքաղաքի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «ԵԱՏՄ անդամ երկրների ազգային արժույթները: Գործնական աշխատանքի փորձ» թեմայով միջազգային ֆորում: Այն կազմակերպվել էր ՀՀ ֆինանսական և գործարար շրջանակներին ԵԱՏՄ անդամ երկրների ազգային արժույթներով աշխատելու գործնական հնարավորությունները և այդ ոլորտում Միջպետական բանկի կուտակած փորձը ներկայացնելու նպատակով: Ֆորումին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների կենտրոնական բանկերի, նախարարությունների, կոմերցիոն բանկերի, ներդրումային ընկերությունների, արդյունաբերողների և գործարարների միությունների, առևտրարդյունաբերական պալատների ներկայացուցիչները և այլոք:

Ֆորումին ելույթ ունեցավ և հայաստանի գործարարների հետաքրքրությունները ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա մասնավորապես նշեց՝ «Այսօր մենք քննարկում ենք մեզ համար բոլոր հարցերից կարևորագույնը և այդ առումով բարձր ենք գնահատում ԱՊՀ Միջպետական բանկի կողմից անցկացվող կոնֆերանսը Երևանում: Մենք հետաքրքրված ենք, թե ԱՊՀ անդամ երկրներիև հատկապես Եվրասիական միության երկրների միջև ապրանքաշրջանառության առավել ավելացման ինչ գործիքներ և նորարարական առաջարկություններ պետք է ներկայացվեն…»:

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների շրջանառության արժութային կառուցվածքում ՌԴ երկկողմ հաշվարկներում գերակշռում է ՌԴ ռուբլին, իսկ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև երկկողմ առևտրաշրջանառությունում՝ ԱՄՆ դոլարը: Ազգային արժույթներով գործարքները թույլ են տալիս ներդրողներին և արտահանողներին նվազեցնել արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսերը, պաշտպանվել արտարժույթի փոխարժեքի տատանումներից, նվազեցնել ԱՄՆ դոլարից և Եվրոյից կախվածությունը ԵԱՏՄ անդամ երկրների միջև աապրանքաշրջանառությունում և այլն:

«Մենք ողջունում ենք ԱՊՀ անդամ երկրների ազգային արժույթով փոխադարձ առևտրի զարգացման ֆոնդի ստեղծման նախաձեռնությունը և առաջարկում ենք մտածել նաև այլ ֆինանսական գործիքների մասին,- շեշտեց պարոն Արսեն Ղազարյանը:-Այս ֆորումի անցկացումը նաև կարևորվում է նրանով, որ Միջպետական բանկը կազմակերպել է «Մոսկովյան ֆոնդային բորսայի օրեր Երևանում» միջոցառումը, որին Մոսկավյան ֆոնդային բորսայի և ռուսական ֆինանական ներդրումային ընկերությունները ներկայացնում են ռուսական շուկայի հնարավորությունները, ինչպես նաև առևտրային և ազգային արժույթի կազմակերպությունների փորձը…»:

Խոսելով այդ գործում ՀԱԳՄ-ի դերի մասին՝ պարոն Ղազարյանը նշեց՝ «Մենք նախապատրաստում ենք գիտագործնական կոնֆերանս «Կապիտալի շուկա: Իրականացման ուղիները և զարգացումը» թեմայով, ինչը նաև մեծապես առնչվում է քննարկվող խնդրին:

Մյուս բանախոսները ևս արտահայտեցին օրա թեմային առնչվող կարծիքներ ու տեսակետներ:

Leave a reply