ՄԱԿ-ի փաստահավաք խումբը ՀԱԳՄ-ում

Մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում իր առաքելությունն իրականացրեց ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) փաստահավաք փորձագիտական խումբը` Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի (IPR) նախապատրաստման աշխատանքների ողղությամբ: Զեկույցը լինելու է հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ` «Հայաստանի ներդումային քաղաքականության գրավչությունը արդյունավետության բարձրացում որոնող և արտահանմանն ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումների համար»:

Ապրիլի 6-ին փաստահավաք խումբը եղավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում գործարարների ընդհանրական կարծիքներին և առաջարկություններին ծանոթանալու:

Խումբը նախապես բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական ատյանների ու մասնավոր ընկերությունների հետ, լսել փորձառու մասնագետների ու գործարարների կարծիքները: Միության նախագահ Արսեն Ղազարյանը գոհունակությամբ ողջունեց Փաստահավաք խմբի գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում մշտապես սատարելու այդ կարևորագույն ծրագրին:

Փաստահավաք խմբի ղեկավար Մասսիմո Մելոնին նշեց, որ Հայաստանի կառավարությունը խնդրել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել արտահանմանն ուղղված ներդրումային քաղաքականությանը: Երկու ամիս վերլուծելուց հետո զեկույցը տրվելու է Կառավարությանը, իսկ աշնանը կազմակերպվելու է բաց քննարկում: Զեկույցը տարեվերջին կհրապարակվի և կներկայացվի ՄԱԿ-ին: Հետևելով ներդրումների աճին և արդյունքին՝ մեկ տարի հետո Փաստահավաք խումբը կազմակերպելու է ևս մեկ առաքելություն՝ ամրապնդելու և զարգացնելու ձեռք բերածը:

Փաստահավաք խումբը կազմելու է զարգացման տեսլականը՝ նկատի ունենալով Հայաստանի նոր իրավիճակը, ԵԱՏՄ անդամ լինելը, ԵՄ առանձին ծրագրերի մասնակցությունը, GSP, GSP+ արտահանման արտոնյալ առևտրի ռեժիմները և տարածաշրջանային այլ գործոններ:
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, խոսելով նախկին վարչակարգի ժամանակ արտաքին ներդրումները խոչընդոտող խնդիրների մասին, մասնավորապես կոնկրետացրեց մի քանի գործոն՝ քրեաօլիգարխիկ պրոցեսները, պատերազմական իրավիճակն ու շրջափակումը, դատական համակարգի անկատարությունը և այլն:

Վերջում պարոն Ղազարյանը, արժևորելով Փաստահավաք խմբի կարևոր առաքելությունը, շնորհակալություն հայտնեց բոլոր անդամներին Հայաստանի տնտեսական վերելքին զորակցելու համար:

Leave a reply