Հայ–ճապոնական կապեր

Փետրվարի 8–ին մայրաքաղաքի «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի և Հոկայդոյի միջև մասնավոր գործընկերության խթանմանն ուղղված սեմինար, որ կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը։ Մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սեմինարի մասնակիցներին ողջունեց և հայ–ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում Միության կատարած աշխատանքների և անելիքների մասին նշեց ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը։ Նա միաժամանակ մանրամասնեց, որ հայաստանը գործելու է նոր տնտեսահարաբերությունների կանոններով, իսկ հայ–ճապոնական բիզնեսի զարգացման գործում անշուշտ կան չօգտագործված միջոցներ ու հնարավորություններ։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տակուչին հավաստիացրեց, որ դեսպանատունը պատրաստակամ է ըստ ամենայնի զորակցելու գործարարներին։

Նշվեց, որ համագործակցության համար նպաստավոր նախադրյալներ կան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոինդուստրիայի, սննդամթերքի մշակման, տուրիզմի և այլ ոլորտներում։

Leave a reply