
Հայ – ամերիկյան տնտեսական կապեր
Հունվարի 15–ին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Տնտեսական և կոմերցիոն հարցերով պատասխանատու Ռաֆայել Սամբոն այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի բիզնես մթնոլորտը և նոր տնտեսական դաշտում գործելու առանձնահատկությունները։ Նա մասնավորապես նշեց, որ բարձր տոկոսադրույքներով բանկային–ֆինանսական համակարգը այսօր այնքան էլ նպաստավոր չէ հատկապես արդյունաբերության զարգացման համար։ Պարոն Ղազարյանը հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանում այսօր արտահանման հիմնական մտահոգիչը դարձել է ծավալի խնդիրը։
Ռաֆայել Սամբոն նշեց իրենց առաջիկա ձեռնարկումների մասին՝ մասնավորելով փետրվարի 25–ին Երևանում կայանալիք ամերիկյան մասնավոր ֆիրմաների սեմինարը, որը հայ գործարարների համար կարող է ուսանելի և շահեկան լինել։
Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։