
ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ
Սիրելի հայորդիներ, կամենում եմ Ամանորյա բարեմաղթանքս ասել հայ գործարարության և բարերարության մեծագույն քրմապետի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի խոսքերով՝ «Հայ վաճառականներ, բազմաչարչար Հայաստանը… Ահա ձեր փառքի, ձեր անմահության հանգրվանը։ Ահա այն տունն Աստծո,, որտեղ ձեր բարի հիշատակը կպահպանվի Աստծո և մարդկության առաջ իր ողջ փայլով։ Այլ թանգարաններում, սակայն, ձեզ սպասում են քամահրանք և մոռացում»։
Գործարարության և բարերարության նրա դասերը հատկապես մեր օրերում մեկ խորհուրդ ունեն՝ ապրել և ապրեցնել։
Սիրելի գործարարներ, դարիս և աշխարհաքաղաքական պրոբլեմներն այսօր մեծ հոգսեր են ստեղծել հատկապես ձեզ համար, սակայն դրանք անցողիկ են, ինչպես որ եղել են դարեր շարունակ։ Կարևորն այն է, որ դուք ձեր ամեօրյա նպաստը բերեք հայոց պետականության ամրապնդմանը, հատկապես աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ աշխատանք ու գործ ունեցող հայի համար չի կարող լինել անհաղթահարելի պատնեշ։ Իսկ բոլոր հոգսերը հնարավոր է նախ հաղթահարել սիրով ու միաբանությամբ, Հայրենիքում և Հայրենիքի համար արարելով, որովհետև հայ մարդը լիարժեք հայ կարող է մնալ միայն Հայրենիքում՝ անկախ բոլոր գործոններից։
Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով և բարեմաղթում, որ Մասյաց հովանու ներքո տեսնենք բարգավաճ ու հզոր Հայաստան։ Բոլորիդ արևշատություն, հզոր Հայաստան տեսնելու հույս ու հավատ…
Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ