
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործարարներ,
Ի սրտե շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ։
2023 թվականը, հիրավի, լի էր հակասական իրադարձություններով․ մի կողմից տնտեսական առաջընթաց ցուցանիշեր, մյուս կողմից՝ պատերազմ ու հայրենազրկում, համընդհանուր աշխարհաքաղաքական բարդ զարգացումներ, պատժամիջոցներ, միաժամանակ՝ զարգացման նոր հեռանկարներ ու նոր շուկաների հնարավորություններ։
Տնտեսական առումով անցնող տարին հաջողված կարելի է որակել․ երկրում արձանագրվել են հիմնական ցուցանիշերի աճ, աղքատության կրճատում, ստեղծվել են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, կարելի է արձանագրել ընդհանուր կենսամակարդակի բարելավում։ Եվ այս ամենում արժանիորեն պետք է գնահատել հայ գործարարների դերակատարությունը, որոնք անբարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում, լոգիստիկ խառնաշփոթության ու համաշխարհային տնտեսության ալեկոծության պայմաններում կարողացել են ապահովել արտադրական գործընթացների շարունակականություն, անխափան մատակարարումներ, ներգրավել ներդրումներ, կիրառության մեջ դնել նոր տեխնոլոգիաներ ու նորարարություններ՝ արդյունքում արձանագրելով աճողական ցուցանիշեր։
Ցավոք, 2023-ը նաև անմարդկային շրջափակման, պատերազմի ու պատմական հայկական տարածքի կորստի տարի էր։ Դառնությամբ պետք է արձանագրենք 120 հազար մեր արցախցի հայրենակիցների բռնի հայրենազրկման իրողությունը, որը անամոքելի ու բաց վերք է՝ իր բազում խնդրահարույց հետևանքներով։ Այստեղ ևս հարկ է արժանին մատուցել հայ գործարարներին, ովքեր առաջին իսկ օրվանից սատար կանգնեցին բռնի տեղահանված արցախահայության սոցիալական, կենցաղային, կեցության հարցերը լուծելուն, շատերն ապահովվեցին աշխատատեղերով, բռնագաղթած ձեռներեցները ներգրավվեցին ձեռնարկատիրական գործընթացներում։ Եվ այս ամենը լինելու է շարունակական, քանզի բոլորիս խնդիրն է ամոքել կորստի ցավը, օգնել վերադառնալու բնականոն կյանքին, պահպանելու արցախահայի ինքնությունը։
Աննախադեպ հարվածին, տասնյակ հազարավոր փախստականների հանկարծահաս ներհոսքով պայմանավորված դժվարություններին դիմակայելուն մեզ օգնեց միասնական կորովը, արցախահայության կենսունակությունը, վաղվա նկատմամբ ունեցած հավատը։
Շնորհավորելով հայությանն ու մեր տնտեսությունն առաջ մղող ուժին՝ գործարարությանը, ցանկանում եմ, որ 2024 թվականը լինի վերքերի ապաքինման, խաղաղության, առողջության, հաջողության, առաջընթացի և արգասաբեր գործունեության տարի։
Շնորհավո ՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։