Համաշխարհայի Բանկ – ՀԱԳՄ գործակցություն

Փետրվարի 1-ին Համաշխարհային բանկի  անկախ գնահատման խումբը այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն: Այցը առնչվում էր Համաշխարհային բանկի խմբի կողմից առևտրի դյուրացման մասով տրամադրված աջակցության գլոբալ գնահատման շրջանակներում Հայաստանի օրինակի ուսումնասիրությունն իրականացնելու նպատակին: Գնահատվելու է 2016-2017 ֆինանսական տարիներին առևտրի դյուրացման համար իրականացված Համաշխարհային Բանկի խմբի ծրագրերի փաթեթը: Այս գնահատման շրջանակներում իրականացվում են մի շարք երկրների օրինակների ուսումնասիրություններ, և Հայաստանն ընդգրկվել է այդ երկրների շարքում:

Գնահատումը և Հայաստանի օրինակի ուսումնասիրությունը անդրադառնում է հետևյալ հարցին՝ որո՞նք են Հայաստանում առևտրի դյուրացման համար Համաշխարհային Բանկի խմբի տրամադրած աջակցության առանձնահատկությունները, և  ինչքանո՞վ է այդ աջակցությունը նպաստել առևտրային հոսքերի բարեալվմանը՝ միջազգային առևտրի ծախսերի կրճատման միջոցով:

Խնդրի առնչությամբ Հայաստանում վերլուծության կենթարկվեն առևտրի դյուրացման մասով ՀԲԽ-ի կառույցների՝ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջամտությունները: Ուսումնասիրության շրջանակներում կգնահատվի քաղաքականության հարթությունում տարված երկխոսությունը, պետական և մասնավոր հատվածներին տրամադրված վարկերն ու տեխնիկական օժանդակությունը, միջամտությունների փոխլրացվածությունն ու հաջորդականությունը, ինչպես նաև այն ընդհանուր համատեքստը, որը նպաստել (կամ խանգարել է) ծրագրերի հաջողությանը:

Դրականորեն գնահատելով այցը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարևորել է նման քայլերը և նշել, որ գործարարները  ակնկալում են դրանց շարունակականությունը և առավել ուղղորդվածությունը:

Leave a reply