ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի «Այսօր.ամ» լրատվամիջոցին տված ծավալուն հարցազրույցից հատված՝ Լարսով կատարվող բեռնափոխադրումների վերաբերյալ՝

Հայաստանը ոչինչ չի կարող անել Վերին Լարսի անցակետի հարցում, բացի միջկառավարական հանդիպումների ժամանակ Վրաստանի ղեկավարության հետ այն քննարկելուց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ապավեն» տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Հարցի կարգավորումը ռուս-վրացական քաղաքական-դիվանագիտական շրջանակներում է», — ասաց Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով`խորհրդային տարիներին Վերին Լարսի ճանապարհը նույնիսկ տուրիստական մայրուղիների համար նախատեսված չէր ու ամեն տարվա հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ պաշտոնապես փակվում էր բեռնատարների համար:

«Հիմա մենք ստիպված ենք օգտվում այս ճանապարհից, որովհետև մեր հիմնական տնտեսական, արդյունաբերական մայրուղիներն անցել են կամ Ադրբեջանի տարածքով`դեպի Դաղստան կամ Աբխազիայով, բայց ոչ Լարսով: Իրոք`ամեն տարի տարբեր էտապներում, մենք ունենում ենք ձյուն, ձնաբուք: Նախանցյալ տարի դրան գումարվեց նաև ամռան ամիսներին սելավները, սարալանջի փլուզումը և ավելի կատաստրոֆիկ վիճակ էր: Այսօր հերթական ցիկլոններն են, որոնք փակել են նաև Փոթիի նավահանգիստը: Նավերը չեն կարողանում մտնեն նավահանգիստ ու պետք է գնան Բաթում», — բացատրեց Արսեն Ղազարյանը:

Նա նշեց, որ օրերս Ազգային ժողովում բավականին բովանդակալից քննարկում էր Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ, որի ժամանակ իր ելույթում նա խոսել է նաև անցակետում եղած իրավիճակի մասին։

«Ելույթում ես դիմել եմ նաև մամուլին, քաղաքական գործիչներին` ընդդիմությանն ու դիմությանը, ասելով` մեր կառավարությունը ոչինչ չի կարող անել Լարսի հարցում,  բացի միջկառավարական հանդիպումներում Վրաստանի ղեկավարության հետ օրակարգում սա ունենալը: Մեզ ոչինչ չի մնում` բացի աղոթքից առ Աստված, որ կարևոր պահերին գոնե անցակետը չփակվի: Եթե այս ձյունը գար օրինակ հունվարի 7-ից հետո, մենք խնդիր չէինք ունենա, որովհետև հիմնական բեռներն արդեն անցած կլինեին ու այդ ժամանակ հետտարեմուտյան անդորր է: Բայց հերթական անգամ եղավ «հայի բախտի նման»», — ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

Նրա խոսքով`Լարսի խնդրի լուծումն այլընտրանքային ճանապարհ գտնելն է, ինչը ևս հանգում է ռուս-վրացական քաղաքական հարցերին:

«Հաճախ իմ շատ գործընկերներ, այդ թվում մեր միության անդամներն, ասում են` այ թող Հարավային Օսեթիայում ռուսները համաձայնեն մաքսակետ բացել ու ամեն ինչ կլուծվի։ Ճիշտ է, բայց Հարավային Օսեթիան իրեն անկախ պետություն է հռչակել, Վրաստանն էլ համարում է այն օկուպացված տարածք: Հարց` ո՞րտեղ են դնելու սահմանը, չէ՞ որ մենք՝ անկախ Արցախ ունեցող երկիր, շատ լավ հասկանում ենք, թե սա ինչ է նշանակում յուրաքանչյուր պետության, ազգի համար: Այնպես որ Լարսի հարցը Հայաստանի կիսափակված ճանապարհների խնդիրն է, ընդ որում` ոչ միայն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևանքով, այլև` վրաց-ռուսական, վրաց-աբխազական, վրաց-օսեթական»,- ասաց Արսեն Ղազարյանը:

Նա նշեց, որ այս օրերին որպես այլընտրանք կիրառվում են լաստանավային փոխադրումները, որոնք ավելի թանկ են:

«Ես գործարարներին միշտ խորհուրդ եմ տալիս`արտահանումներն ու ներկրումները դիվերսիֆիկացնել, որպեսզի միայն այս մեկ, բարակ կենսական ճանապարհից կախված չլինենք: Նաև ինքնարժեքում հաշվի առնել, որ, հնարավոր է, Լարսը փակվի ու ավելի թանկ գնով` լաստանավերից օգտվենք: Ուրիշ ելք չկա` մնացածը քաղաքական սպեկուլյացիա է ու պոպուլիզմ», — ամփոփեց Արսեն Ղազարյանը:

Leave a reply