
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Նոր տարվա առիթով։
Գալիք 2026 թվականը հոբելյանական է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար․ կլրանա կառույցի ստեղծման 30–ամյակը։ Երեք տասնամյակ շարունակ Միությունը՝ հավատարիմ իր առաքելությանը, եղել է գործարար համայնքի շահերի պաշտպանության, տնտեսվարման բնականոն միջավայրի հաստատման, իրավական նպաստավոր դաշտի ձևավորման, երկրի տնտեսական կարողություններն արտերկրում լավագույնս ներկայացման առաջատար շարքերում։ Շնորհիվ մեր միասնական ջանքերի՝ հնարավոր է եղել կազմավորել և զարգացնել հայ գործարարության կայուն ավանդույթներ, տնտեսությունում ներառել առաջատար տեխնոլոգիաներ ու նորարարական միտք, ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր։ Նաև մեզանով են կայացել պետություն–մասնավոր հատված պարբերական երկխոսությունը, լուծում ստացել բազմաթիվ սոցիալական հարցեր, բարեգործությունը դարձել տնտեսվարմանն ուղեկից մշակույթ։
Մերօրյա հարափոփոխ ժամանակաշրջանում իրադարձությունները զարգանում են սրընթաց, տեղեկատվական, տեխնոլոգիական, աշխարհաքաղաքական պայմանները փոփոխվում են ամենօրյա ռեժիմով՝ իրենց հետ բերելով թե՛ մարտահրավերներ, թե՛ նոր հնարավորություններ։ Վստահ եմ, որ հայ գործարար միտքն ու կարողությունն ապագայում ևս ի զորու են լինելու պատվով հաղթահարելու ծագող դժվարությունները, իսկ ստեղծված հնարավորություններն ուղղորդելու մեր երկրի տնտեսության առաջընթացին, համընդհանուր բարեկեցության ընդլայնմանը։
Հարգելի՛ գործընկերներ, հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջություն, հաջողություն աշխատանքային գործունեության մեջ, անձնական երջանկություն։