
Կարդացեք ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը «Սլաք.ամ» լրատվամիջոցին
Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակի մասին պատկերացումներ կազմելու մասի զրուցեցինք Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ, ով մեզ հետ զրուցում նշեց, որ իսկապես Հայաստանի տնտեսական կյանքում կա աշխուժացում և իսկապես վերջին 1 տարվա ընթացքում էականորեն ավելացել են արտահանման և ներկրման թվերը: Ղազարյանը նաև նշեց, որ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման համար անչափ կարևոր է Հայաստանի ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի զարգացնել Հայաստանի տնտեսությունը: « Չպետք է մոռանանք, որ վերջին 10 տարիներին Հայաստանը, և ոչ միայն Հայաստանը, ապրել է ֆինանսատնտեսական մասշտաբային ճգնաժամեր, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կտրուկ սրում, որի արդյունքում Արևմուտքը սանկցիաներ կիրառեց Ռուսաստանի տնտեսության նկատմամբ, ինչն էլ հարվածեց Հայաստանի տնտեսությանը, մյուս կողմից` ապրիլյան պատերազմն էլ իր հերթին հարվածեց Հայաստանի տնտեսությանը, բայց Հայաստանի կառավարության ու գործարարների համատեղ ջանքերով վերջին մեկ տարում մեզ հաջողվեց բավականին լուրջ տնտեսական աճ ապահովել, որն էլ պետք է հիմք հանդիսանա հետագա տարիների զարգացման համար »,- ասաց Արսեն Ղազարյանը: Նա նշեց նաև, որ 2018 թվականը ևս լավ է սկսվել և անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել և բոլոր հույսերը կան, որ այդ աճը կշարունակվի հաջորդ ամիսներին: « Մենք ճիշտ ճանապարհով ենք քայլում և եթե ուղղակի կամ անուղղակի խանգարող հանգամանքներ չլինեն` առաջիկա տարիները կլինեն Հայաստանի տնտեսության համար զարգացման տարիներ »,-հավելեց Արսեն Ղազարյանը: