Կայացավ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

Իրավաբանների հայկական ասոցիացիան, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, և ՀՀ արդարադատության նախարարությունը օգաստոսի 29-ին կազմակերպել էին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։ Վերջինիս մասնակցում էին ներկայացուցիչներ պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ցանցերից, գործարար ու հակակոռուպցիոն փորձագիտական հանրությունից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշելով, որ քաղհասարակությունն իր գործուն դերն է ունեցել նախորդ ռազմավարությունների մշակման գործում, հույս հայտնեց, որ 2023-2026 թվականների ռազմավարության մշակմանն այն նույնպես կարևոր դերակատարություն կունենա։

«Անխտիր բոլորի իրական ներգրավումն է անհրաժեշտ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն իրականություն դառնա։ Աշխարհում բոլոր երկրների համար դա մշտական մարտահրավեր է։ Չենք կարող ասել, որ մենք հասել ենք այնպիսի հաջողությունների, որ այլևս անելիք չունենք այս ուղղությամբ։ Սա այն ուլորտներից մեկն է, որտեղ միշտ անելիք լինելու է։ Միշտ ունենալու ենք ձեր բոլորի կարիքն այս հարցում»,-նշեց փոխնախարարը։

Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի՝ ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում։ Ֆինանսների նախարարության ընդհանուր քաղաքականությունը գնումների ոլորտում բացարձակ թափանցիկություն ապահովելն է։

«Ցանկացած կոռուպցիոն դեպք նշանակում է ՀՀ քաղաքացիների՝ տաժանակիր աշխատանքով վաստակած միջոցների վատնում։ Մեր նպատակն է բոլոր այդպիսի դեպքերը բացահայտել, հնարավորինս նվազեցնել։ Հասկանում ենք՝ այն երազանքը, որ կոռուպցիոն դեպքերը կհասնեն 0-ի, գրեթե անհնարին է, քանի որ զարգացած աշխարհը չի կարողանում այդ խնդիրը լուծել, բայց պետք է փորձենք դա անել։ Մենք շարունակելու ենք մեր քայլերը բացարձակ թափանցիկության հասնելու ճանապարհով»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ռազմավարության ոչ արդյունավետ իրականացումը միջոցների վատնման հնարավորություն է տալու։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ ինչպես կազմակերպությունը, այնպես էլ գործընկերները կանգնած են ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և նրանց համար շատ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումները ճիշտ ուղով գնան։

«Արդարադատության նախարարությունը միշտ հանդիսացել է մեր գործընկերը, անկախ պաշտոնատար անձանցից։ Մենք դիտարկում ենք նախարարությանը որպես ինստիտուտ։ Մեր ամենամեծ ձեռքբերումը պետությունն է, անկախ ՀՀ-ն և հակակոռուպցիոն քաղաքականությունն էլ օգնելու է մեզ, որպեսզի ունենանք ավելի լավ կառավարման համակարգ, կոռուպցիայից զերծ համակարգ, ունենանք բարեվարք հանրային ծառայողների դաս։ Մեր կազմակերպությունները և գործընկերները հետևողական ենք լինելու, մասնկացություն ենք ունենալու, մեր լուման ենք ներդնելու հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործում և դրա մշտադիտարկման հարցերում։ Սուր ու փաստարկված քննադատություններ էլ կլինեն, որոնք ուղղված են համակարգն ավելի լավը դարձնելուն»,-ասաց Կարեն Զադոյանը։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը կարևորեց կառուցողական երկխոսությունը՝ նշեց, որ պետական համակարգը և քաղհասարակության ներկայացուցիչները համատեղ ուժերով պետք է հաղթահարեն բոլոր խնդիրները։

«Կոռուպցիայի ընկալման համաթվի բացասական միտումները հասարակության շրջանում մտահոգություն են առաջացնում, որ կոռուպցիան նորից սկսում է գլուխ բարձրացնել։ Լավ է, որ կոռուպցիան համակարգային չէ, դա տեսանելի է։ Նշանակում է, որ իշխանությունները շահագրգռված են քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար դեմն առնել այս գործընթացի, բայց չի կարելի չտեսնել այս գործընթացի վտանգները։

Մենք Եվրամիության հետ հարաբերությունների կարևոր հեռանկարներ ունենք։ Առանց այս խնդրի հաղթահարման մենք դրան չենք կարողանա հասնել։ Կոռուպցիան դա մի ախտ է, որը երկրի բոլոր ոլորտների զարգացմանն է խոչնդոտում»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Ըստ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց կազմակերպության առաջնահերթությունների շարքում է։ Պլատֆորմն արդեն մեկ խորհրդատվական կարծիք այդ ոլորտում մշակել է։

«Կարևորում ենք հակակոռուպցիոն այնպիսի ռազմավարության մշակումն ու ընդունումը, որը կլինի հնարավորինս ներառական, հաշվի կառնի ոլորտում առկա ամենասուր խնդիրները, հասցեական լուծումներ կներառի այդ խնդիրների համար։ Կարևոր են նաև այս թեմայով հանրային քննարկումները և դրա համար ինքներս ձեռնամուխ ենք եղել այս քննարկման կազմակերպմանը»,-նշեց Լուսինե Հակոբյանը՝ կոչ անելով հանրային քննարկումները ոլորտային հարթակների, կոալիցիաների, հավաքական ուժ ներկայացնող ինստիտուցիոնալ կառույցների միջոցով կազմակերպել։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզվմունք հայտնեց, որ մինչև կոռուպցիան չդառնա ամոթ, սարսափելի և ոչ ձեռնտու, քիչ բան կփոխվի հասարակության շրջանում։ Նրա խոսքով՝ կաշառքը կոռուպցիոն երևույթներից «ամենաարդարն ու մրցակցայինն է»։

«Եթե ես ուզում եմ ստանալ այս կամ այն պատվերը կամ լիցենզիան և մեկ այլ գործարար նույնպես ուզում է դա ստանալ, ապա մենք մրցում ենք կաշառքի չափով։ Այնինչ, ես չեմ կարող դառնալ չինովնիկի հորեղբոր որդին, քավորը, սանիկը, կուրսեցին։ Ես չեմ գովերգում կաշառքը, ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ այս մյուս երևույթները կան ու դեռ աճում, բարգավաճում են Հայաստանում։ Ինչքան էլ ասում եք՝ կոռուպցիայի մակարդակը ընկել է, այս մյուս երևույթները խորանում են։ Պետք է զոհաբերության մակարդակի ջանք գործադրել, որպեսզի մեզ համար ինչ-որ արարքներ լինեն ամոթալի»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ կարևորելով կրթության դերն արատավոր երևույթների դեմ պայքարում։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը չհամաձայնեց Հովսեփ Խուրշուդյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է գնահատականներ տալը։

«Ինչպես հստակ օրինակներ բերեց Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ պարոն Մարտիրոսյանը, կոռուպցիան միայն «քեշ» փողով կաշառքը չէ։ Մենք մեր ամենօրյա կյանքում տեսնում ենք այդպիսի դեպքեր, օրինակ՝ վարչական մարմնի ղեկավարը պետական մեքենայով գնում է քարոզարշավի. կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Եթե սկսենք այս ամենը գնահատել, կարծես թե վերադառնում ենք այն տարիներին, որոնց դեմ սկսվել էր պայքարը։ Բացի այդ, սեղանի շուրջ նստած են մարդիկ, որոնք իրենց կյանքի կեսը նվիրել են հասարակական գործունեությանը ու շատ կարևոր է, որ զգանք՝ լսված ենք»,- նշեց Հակոբ Ավագյանը։

Ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարության ընդհանուր նախագծի և դրանից բխող գործողությունների պլանը՝ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Տիգրանյանը նշեց, որ գործողություններն իրականացվելու են 5 ռազմավարական նպատակների ներքո ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի հակազդում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում, գործարար բարեվարքություն, գործարար շահերի պաշտպանություն, պետություն-գործարար վարչարարության դյուրացում և հակակոռուպցիոն մոնիթորինգի ու գնահատման համակարգի կատարելագործում։

Կառուցակարգերի ամրապնդման համատեքստում նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման միասնական օրենք ընդունել, որտեղ բոլոր կարգավորումները մեկ միասնական ակտում կներառվեն։

Կատարելագործվելու են Իրավունքների պաշտպանության մեխանիզմները. քննարկվում է ՄԻՊ-ի հզորացման համատեքստում դա դիտարկելը և գործարար ոլորտին կրթելը, որպեսզի իրավագիտակցության մակարդակը բարձրանա՝ իմանան, թե իրենց որ իրավունքի խախտման դեպքում որ մարմնին պետք է դիմեն և առավել հետևողական լինեն։

Նախատեսվում է պետական գնումների ոլորտի կատարելագործում, թափանցիկություն և հաշվետվողականություն, արդար մրցակցություն ապահովում։ Հասմիկ Տիգրանյանն ընդգծեց, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն պետք է ցուցաբերեն նաև քաղաքացիները և հետևողական լինեն, որպեսզի այդպիսի խնդիրները վեր հանվեն, ինչպես նաև պահանջատեր լինեն իրենց իրավունքների հարցում։

Քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն անդրադարձավ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին նշելով, որ օրենսդրությունը պետք է բարելավվի, որպեսզի այլ երկրներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը դառնա ավելի դյուրին։ Քննարկվում է նաև պետգնումների շրջանակում «սպիտակ ցուցակի» ներդրման հնարավորությունը, որպեսզի հակակոռուպցիոն մեխանիզմներ ներդրած սուբյեկտները կարողանան այն խթանել։

Հակակոռուպցիոն ռազմավարության 3 նպատակներին և ուղղություններին անդրադարձավ փորաձգետ Մարիամ Զադոյանը՝ առանձնացնելով կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիայի հակազդումը, գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացումը։

Գործողություններից մեկով նախատեսվում է երաշխավորել իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննությունը՝ մշակվող ակտերի (ex ante) և անհրաժեշտության դեպքում` դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի (ex post) փորձաքննությունը։

«Առաջարկում ենք նախատեսել իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության ակրեդիտացման համակարգի ներդրում, որը միջազգային փորձում տեղ գտած պրակտիկա է։ Այս պարագայում փորձաքննությունը պատվիրակվում է հակակոռուպցիոն փորձագետների կամ մասնագիտացված ՔՀԿ-ների, որոնք պետության կողմից սահմանված կարգով անցել են հատուկ ակրեդիտացիա»,-նշեց Մարիամ Զադոյանը։

Գործողություններից մեկով էլ նախատեսվում է ներդնել բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության միջոցների կիրառման միասնական համակարգ։

Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձավ ևս 2 նպատակների, որոնք ներառված են ռազմավարության նախագծում՝ հակակոռուպցիոն կրթությունը ու հանրային իրազեկումը և հակակոռուպցիոն մոնիթորինգի ու գնահատման համակարգի կատարելագործումը։

Փորձագետի խոսքով՝ կառուցվածքի Բաժին I-ը նվիրված է Հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակին, որը օբյեկտիվորեն չի արտացոլում ՀՀ-ում հակակոռուպցիոն գործողությունների իրական պատկերը և սահմանափակված է դեկլարատիվ բնույթի նախադասություններով։ Նախագծում տեղ չի գտել նաև ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացը։

Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձավ նաև հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործմանը նշելով, որ ընդունելի չէ, երբ հիմնական խումբ մարտահրավերները, խնդիրները և բացթողումները, որոնցով պայմանավորված այս աշխատանքները, չեն տվել ցանկալի ու զգալի արդյունք, չեն ներկայացվում, և այս ռազմավարական ուղղությունը մշակելիս քաղված դասերի վերլուծություն առկա չէ, որոնք կլինեին հիմքային ռազմավարական ուղղության ու դրանից բխող գործողությունների համար։

«Առաջարկում ենք վերաշարադրել նշված ռազմավարական ուղղության բովանդակությունը և ներկայացնել հանրային իրազեկման ոլորտում այն հիմնական մարտահրավերները, խնդիրները և բացթողումները, որոնք ի հայտ են եկել չորրորդ ռազմավարության կատարման ու գնահատման ընթացքում, ինչպես նաև մասնագիտացված ՔՀԿ-ների կողմից կատարված մշտադիտարկումների (բացահայտումների) արդյունքում` շեշտադրելով նաև ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության մշակույթը փոխելու կարևորությունն ու այդ մասով Կառավարության հանձնառությունը, և այս խնդիրների լուծման մոտեցումը դնել այս ուղղության հիմքում»,-նշեց փորձագետը։

Այնուհետև ներկաները հանդես եկան ելույթներով, ներկայացրին իրենց դիտարկումները ռազմավարության նախագծի վերաբերյալ։

Քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարությանը։

Leave a reply