«Իրենց առաքելությունը հայ գործարարները կրել և կրելու են պատվով, միասնաբար ու նվիրումով»․ ՀԱԳՄ նախագահ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Գործարարի օրվա առթիվ

Հարգելի՛ գործընկերներ

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ։

Մարտի 3-ը որպես Գործարարի օր պաշտոնապես նշելը վառ վկայությունն է այն բանի, թե որքան մեծ է գործարար համայնքի դերակատարությունը երկրի տնտեսության զարգացման, սոցիալական ու հանրային բազմաթիվ խնդիրների լուծման գործում, և որ այդ ներդրումն ըստ արժանվույն է գնահատվում պետության ու հասարակության կողմից։

Հարափոփոխ տեխնոլոգիական դարաշրջանում, աշխարհաքաղաքական արագընթաց զարգացումների, շուկաների գլոբալացման պայմաններում գործարարներից մեծ ջանքեր, ճկունություն, նորարարական մոտեցումներ, անկոտրում կամք և պրպտուն աշխատանք է պահանջվում՝ մարտահրավերներին համարժեք դիմակայելու, մրցակցային որակներ ապահովելու, նոր շուկաներում ամրապնդվելու, ներքին ու արտաքին պահանջմունքների բավարարման համար։

Գործարարության ջանադիր գործունեությունից է կախված երկրի տնտեսական ամրության պաշարը, աշխատատեղերի ապահովումը, անվտանգային ու սոցիալական խնդիրների լուծումներին սատարումը, բնակչության բարեկեցության ապահովումը, բարեգործական ծրագրերի իրականացումը։ Եվ այս առաքելությունը հայ գործարարները կրել ու կրելու են պատվով, միասնաբար, գործուն համագործակցությամբ, աննահանջ արարչությամբ ու նվիրումով։

Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով Գործարարի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ տոկունություն, արդյունավետ աշխատանք, նորարարական գաղափարներ, մտահղացումների իրականացում, վաստակած բարիք։

Leave a reply